Էջ:Գաղթականներ 12.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Շա՜տ… Խնուս, Բասեն։

— Իսկ անցնողների մե՞ջ.— հարցրեց Պետոն անձկությամբ — օրինակ հենց այսօրվա անցած խմբի մեջ։

— Ռազախը նրանց չտեսավ․— ասաց Ֆնդոն,— բայց ես տեսա, երկու֊երեք հատ շատ սիրուններ կային․ մերոնք ուզեցին վերցնել, ես չթողի։ Ես չեմ ուզում, որ մեր կողմից անցնող կանայք անպատվության ենթարկվեն։ Ես Շեյխի մարդ եմ. առանց էն էլ՝ կնիկ պահելը շատ դժվար է այս կողմերում․ անպատվել մի թշվառի, որ ցրտից ու քաղցածությունից մեռնում է, սրանից վատթար նամարդություն չէ կարող լինել…

Պետոն այլևս չէր լսում քուրդի խոսքերը։ Մտքով անցնող խմբի հետ էր։ Աչքի առջև պատկերացան իր Նազիկը կիսամերկ․ ձյունը կոխելով, ոտաբոբիկ և քաղցած, ամեն րոպե ենթարկված լինելով դեռ՝ անպատվության իսկ․․․ իսկ ինքը, նրան սիրողը, մի քանի քայլ հեռու միայն և անշարժ նստել էր ու կարողանում էր տանել քրդերի խոսակցությունը։

Ֆնդոյի խոսակցությունից հետո բոլորն էլ լռեցին։ Քուրդերը նկատեցին, որ Պետոն մտածում էր, տեսնում էին նորա դեմքի ցավագար, կծկվող արտահայտությունը, հուզումը։

— Իմ աղան մի ցավ ունի՞,— հարցրեց տանուտերը,— մենք ունինք դարմանող պառավներ… կամ վիրավորվա՞ծ է արդյոք…

Երիտասարդը ցնցվեց։ Ձեռքով տրորեց ճակատը, շուրջը մի ակնարկ ձգեց և հանկարծ ոտքի ելավ։

— Ո՛չ,— ասաց նա,— վիրավորված չեմ։

— Եղբայրս ուզում է գնա՞լ արդեն։

— Այո՛,— ասաց նա մտամոլոր,— ուզում եմ… Միայն ինձ ասեք, թե այդ ձեր հիշած այսօրվա խումբը ի՞նչ ճանապարհ բռնեց։

Ոչ ոք չպատասխանեց իսկույն։ Զարմացմամբ զննեց քուրդերին և հանկարծ նկատեց, որ նրանց մեջ կասկած էր զարթնել։ Շտապեց ուղղել սխալը՝ պարզելով իր հարցի նպատակը։

— Ես պետք է գնամ նրանց ետևից,— ասեց,— որովհետև