Էջ:Գաղթականներ 21.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջ ու ետ էր գնում և խրախուսում թուլացողներին, ետ մնացողներին։

Մի քանիսը կքվեցան, փորձեցին նստել, ետ մնալ. բայց հսկողը ցնցում էր և գոչում.

— Քալե՛…

Ու քայլում էին. ետևից եկողները, որոնց մեջ կային մի քանի ծերունիներ, լուռումունջ, իրենց սպիտակ գլուխը գրեթե երկար ցուպերի գլխին կռթնեցրած՝ փոխում էին միօրինակ քայլեր, անդադար, առանց կանգ առնելու։

— Քալեցե՛ք,— կրկնում էր միշտ հսկողը,— քա՛ջ եղեք. ս. Կարապետ մեզի քոմագ… Հա՛, քիչ մնաց, մի քնեք, դե՛, Մկո աղա, սկսի հեքիաթդ, աղեկ բան մը պատմե։

— Հոգնած եմ,— մրմնջաց ծերունին, որ հազիվ շարժվում էր և այն էլ ուրիշի կռթնած,— չեմ կարող…

— Դեհ, վնաս չանի, զոռ արա՛,— խրախուսեց երիտասարդը,— որ պատմես՝ ինքդ էլ կմոռանաս ցավդ։ Մի լավ բան պատմիր, որ տղերքը չքնեն։

— Հա՛, պատմիր, Մկո,— ասացին,― մի լավ բան պատմիր, որ մեր քունը փախչի։

Ծերունի պատմիչը չէր պատասխանում. այնքա՛ն հոգնել էր, որ պնդելու իսկ սիրտ չկար. մնում էր զիջանել։ Երկու քայլ փոխեց, երկու ծանր քայլեր և ասաց.

— Հոգնած եմ, բայց կպատմեմ։

— Մկոն հեքիաթ է պատմում, լսեցե՛ք,— գոռաց հսկողը առաջ գնացողներին։

Քայլերը մեղմացան. հետո, առաջ գնացողները ետ մնացին․ մի շրջան կազմվեց պատմիչի շուրջր։ Շրջանից դուրս մնացին միայն կանայք, իսկ առջևից՝ Պետոն և խմբապետը։

— Լսեցե՛ք…— սկսեց ծերունին մի մեծ ճիգ գործելով,— ծերունի Մկոյի, Մշո դաշտի պատմիչի վերջին պատմությունը լսեցեք… Զգում եմ, շատ չի անցնիլ, էլ Մկոն չի պատմիլ, էլ նրա պատմությունը ձեզ չի զվարճացնիլ… կլռի Մկոն… Լսեցեք նրա վերջին պատմածը։

… Կլինի չի լինիլ մի մարդ, մի խեղճ մարդ, որ ոչ որբին էր զրկել, ոչ մանուկի լացացրել և ոչ էլ ընկերին օգնություն մերժել։