Էջ:Գաղթականներ 28.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այնտեղ նա երկար առվակի մոտ կանգ առավ, կռացավ, սրբեց պտուկի կոթերին կապված չվանը։ Հետո էլի երկար պարեգոտի քղանցքը ձեռքի մեջ առավ և նրանով ուզեց բռնել չվանը, երբ մի ձեռք դիպավ ամանին, հետո մի ձայն լսվեց կողքից, որ ասում էր.

— Ինձ թող ամանը։

Ցնցվեց ու վեր նայեց։

— Ես եմ, Նազիկ,— ասաց խոսողը,— մի վախենալ… իսկ այժմ թող տուր, որ ես վերցնեմ ամանը և քայլենք․․․ Ուրեմն ահա, թե որտեղից էիր ամեն օր կերակուր վերցնելու գալիս և ինձ խաբում էիր, թե ձեր կերակուրը մի տեղացու խոհանոցում եք եփում և դու գնում էիր բերելու։

— Պետրո՛ս,— կմկմաց աղջիկը աղաչավոր,― մի նեղանալ, Պետրոս ջան․․․ չուզեցի հայտնել քեզ այս մեր ամոթը։

— Քայլե․․․ ինչո՞ւ նեղանամ․ առաջ ընկիր և գնանք։

Երկուսն էլ դուրս եկան բակից և ծռվեցին դեպի գետափը։

— Այդպես ուրեմն,— շարունակեց Պետոն գունատ ու դողդոջուն ձայնով,— մուրում եք, և ես այդ չգիտեի․․․ Տեսա որտեղ և ինչպես էիր կանգնել մի ժամից ի վեր, այս մի կտոր կերակուրը ստանալու համար․․․ Որքա՜ն ընկե՛լ ենք մենք, որքա՜ն․․․ Հիշո՞ւմ ես, Նազիկ, թե ինչպես պտուկներով մաքուր և թարմ — ոչ այսպես անհամ — կերակուրներ էիր ցրվում մեր գյուղից անցնող աղքատներին․․․ իսկ ա՞յժմ․․․ Չէ, այս շատ դառն է․․․ և դեռ ձեռքումս է այս ստորացնող ամանը։

Ասաց և բարկությամբ պտուկը շպրտեց մի խոր առվակի մեջ։

— Պետրո՜ս,— բացականչեց Նազիկը հուսահատ ձայնով,— մորս քաղցած թողիր․․․

Հետո լռեց և գլուխը կրծքին իջեցրեց։

― Քաղցա՜ծ,— ասաց Պետրոսը ― էհ, ի՞նչ անենք, թող քաղցած մնա… ինչու ինձ խաբեցիք, կարծում էի, թե բան էիք ծախել երկրում և փող ունեիք հետներդ․ թե չէ թևերիս մեջ ո՞ւժ չկա, չէ որ կարող էի աշխատել ու մի կտոր հաց ճարել ձեզ համար… գործի չէի ձեռնարկում, որովհետև