Էջ:Գաղթականներ 34.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապաստանել։ Շատ քչերն էին առհասարակ, որոնց հաջողվել էր ապրել, դիմանալ ցրտի և թշվառության։

Մեռնողներից մեկն էլ եղել էր Նազիկի մայրը։ Նազիկը մնացել էր որբ։ Այդ ժամանակ էր ահա, որ Պետոն սկսել էր իրագործել երկիր վերադառնալու ծրագիրը։

Նրան ասել էին, թե ինչ պետք էր անել։ Չէր անցել տասն օր գարունը բացվելուց, որ նա զինված, Նազիկին էլ տղամարդու հագուստի մեջ ծածկած, Սասուն ու Մուշ գնացող ուրիշ վեց կտրիճ երիտասարդների ընկերակցությամբ ճանապարհ էր ընկել, անցել էր սահմանը և մտել էր թուրքաց Հայաստանի սահմանները։

Նրանք բոլորն էլ, Կարո անունով սասունցի երիտասարդի հետ, ճանապարհը լավ գիտեին։ Պետոն վճռել էր նախ Գոմեր հանդիպել և աշխատել այնտեղ մնալու, ապա թե ոչ՝ բարձրանալ Սասուն։ Քարոտ Տալվորիկի ամուր գյուղերում մտադիր էր պատսպարել իր Նազիկին և ապա իջնել Մշո դաշտը։

Թե ինչ պիտի աներ դաշտն իջնելուց հետո, այդ դեռ չէր որոշել, բայց նա լցվել էր մի խուլ, հետզհետե իր ամբողջ էությունը գրավող՝ զայրույթով։

Թուրքահայ հողը մտնելուն պես, խումբը նկատեց, որ իրենց հետևում են։ Հեռվից երբեմն երևում էր բարձրությունների վրա մի քուրդ ձիավոր, որ մի վայրկյան կանգնած դիտում էր նոցա, հետո անհետանում, և երբ երիտասարդները հրացան ի բռին անցնում և ոչինչ չէր պատահում։

Երեք անգամ, մինչև Բասեն էին կտրում, նրանք ուզեցին գնդակահար անել մի քուրդի, որ իր «կուլափի» մեջ փաթաթված՝ հանկարծ ցցվում էր ժայռի կամ մի բլրի գլխին, այնտեղից խորապես զննում նրանց, հետո ետ քաշվում և անհետանում մյուս կողմը։

Պետոն, մանավանդ Կարոն, սրտնեղությունից կատաղում էին, երբ միշտ կռվի էին պատրաստվում․ լարված դրության մեջ էին մտնում, սպասում էին հարձակումների և սակայն ոչինչ չէր պատահում։

— Այստեղ մի բան կա,— ասում էր Կարոն,— երևի սպասում են, որ մեզ մի նեղ անցքի մեջ բռնեն։