Էջ:Գաղթականներ 4.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սպանվել էին և տանջանքի ենթարկվել ոչ միայն Նազիկի, այլև իրեն՝ Պետրոսի, ազգականները, որովհետև Յուսուֆ աղան գիտեր Նազիկի նշանված լինելը և կարծել էր, թե աղջկան հեռացնողը Պետրոսն էր։

Գոմերը գրեթե ավերվել էր։

Այդ բոլորին հետևել էր մի ընդհանուր ավերածություն։

Յուսուֆ աղային միանալու էին եկել ուրիշ քուրդ ցեղեր ևս, և Մշո դաշտի գյուղերը միմյանց ետևից թալանվում, ավերվում ու այրվում էին…

Ահա թե ինչ դրության մեջ գտավ Պետրոսը իր հայրենիքը։

Մի մեծ հուսահատություն ճնշեց վայրկենապես նրա սիրտը. երկնքից գետին էր շպրտված։ Այլևս չկար ո՛չ երազների և ո՛չ վարդագույն օրերի իրականացման հույսը… Այնտեղ, իր առջևն էր միմիայն՝ ավերակ, մոխիր ու սուգ։

Եթե չէր գժվել, պատճառն այն էր, որ նրան կարողացել էին գոնե ասել, թե դեպի որ կողմն էին գնացել գյուղից խուսափածները, որոնց մեջ էին Վրթնոն և Նազիկը։

Եվ նա թողել էր ամեն ինչ, անցել դիակների վրայից, ավերակների կողքից, առել էր հրացանն, ու որդին կորցրած մոր կատաղությամբ՝ սար ու ձոր էր ընկել նշանածին գտնելու։

Ասել էին, որ խումբը դեպի Խնուս էր գնացել և այնտեղից մտադիր էր սահմանն անցնել։

Եվ երբ մի րոպե պատկերացնում էր իր քնքուշ Նազիկին, որ այժմ ցրտի, ձյունի մեջ, գուցե ոտաբոբիկ և կիսամերկ քայլում էր, գուցե անոթի կամ մուրալով խուսափում էր քուրդերից և ստիպված էր փշերի, քարերի միջից փախչել, ճանապարհ որոնել… երբ այդ բոլորը երևակայում էր, դառնությունը խեղդում էր նրան, կրծում սիրտը…

Ասել էին նրան, որ Կովանդուկի վրայով էր անցել գաղթականությունը։ Բայց ո՞ր ճանապարհով. արդյոք տեղ հասե՞լ էին անվտանգ. անոթությունը կամ քուրդերը նրանց չէի՞ն ջարդել։

Նազիկը կարողացել էր դիմանալ ցրտի, հոգնածության… կարողացե՞լ էր քուրդերից ազատվել…