Էջ:Գևոն 08.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Գևոն կը ջանար հաստատել, որ երկու շաբաթ անցած է, երևի գլխուն զարկեր են, իսկ անասնաբույժները հաստատեցին, որ Ալին քոռությունը տարիներու խնդիր էր։

Ալը զարմանալի կուրություն ուներ, աչքերը բաց էին, կանոնավորապես կը թարթեր, բայց լույս չի կար մեջը։ Ճերմակ չէր իջած վրան, ջուր չէր վազեր, մաքուր աչքեր ուներ, բայց չէր տեսներ։

Պախար քոռ էր։

Գևոն ընդդիմացավ և չուզեց տասը ոսկին ետ տալ։

— Աղա,— ըսավ Օվիկը,— տուր օր երթա, նորեն կը ծախենք։

— Չէ՛, չէ՛, Օվիկ, արդեն բոլոր տեղը ձայն գնաց, եթե առանց աղմուկի, սուս֊փուս բերեր ետ տար, կառնեի, մյուս օրն ալ կը ծախեի,— հառաչանքով պատասխանեց Գևոն։

— Ես կը տանիմ Սվազ, կը ծախեմ, կուգամ,— առաջարկեց Օվիկը։

— Ո՞վ մինչև Սվազ սոլուխ պիտի առնե, չեմ տար։

Թուրք սպան այդ օրը գնաց և պատվիրեց, որ մտածե և պատասխան տա իրեն մյուս օրը։

Օվիկը և Գևոյի կինը շատ խնդրեցին իրիկունը, բայց Գևոն չհամոզվեցավ։

Գևոյին օրհասը մոտեցեր էր։

Առավոտուն թուրք սպան եկավ, տասը ոսկին ուզեց, Գևոն վերջնականապես մերժեց։

— Ալ՛ սանա[1],— ըսավ սպան և ատրճանակի մեկ հարվածով գետին փռեց Գևոն իր տան դռան առջև։

Օվիկը փախավ։ Կինը դուրս ցատկեց ներսեն, բռնեց ճակատը, որ արյունը կանգնեցնե, բայց ճամպազ Գևոն չիկար, անիկա մեռեր էր անդարձ։


1921 թ.

  1. Ա՛ռ քեզ