Էջ:Երկու գերեզման 05.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Արթո՞ւն ես։

— Ատ խոսքերեդ ետքը քո՞ւն կմտնա աչքերս։

— Մսեցա, գիտե՞ս,― խոսքը փոխում էր Ավետիս Ամու­ճան։

Այս անգամ Գուվար Քորոն էլ փաթաթվում էր նրան, և ամեն ինչ հարթված էր համարվում։

Ավետիս Ամուճայի պահանջն այն էր, որ երբ իր կնոջը մի բան ասի՝ կինը պատասխան չտա։ Պատահում էր, որ Գուվար Քորոն պատասխան չէր տալիս, Ավետիս Ամուճան այլևս չէր շարունակում, և ոչ մի վեճ էլ չէր պատահում։

Ավետիս Ամուճան միշտ ասում էր.

— Աղջի՛ ես որ բան մի կ՚ըսիմ, ջուղաբ մի՛ տուր, չե՜ս սատկիր։

— Քա՜, ինչո՞ւ։

— Կնի՛կ ես,— վերջացնում էր Ավետիս Ամուճան։

Եվ Գուվար Քորոն ողբում էր.

— Կատվի ձագ ըլլեի՜, կնիկ չըլլեի՜։

Երբեմն նա ուրիշ մարդկանց էր օրինակ բերում։

— Տե՛ս,— ասում էր,— Ազնավուր էֆենդի՛ն տես, էն ըլ էրիկ մարդ է, էդպե՞ս կենե։

— Էն ի՜նչ էրիկմարդ է որ…,— հեգնում էր Ավետիս Ամու­ճան։

Գուվար Քորոն չէր կարողանում հասկանալ, թե ո՛րն էր իր ամուսնու էրիկմարդությունը։ Ազնավուր էֆենդին հա­րուստ էր, քաղաքի ամենագեղեցիկ մարդկանցից էր, հրա­շալի ձի նստել գիտեր, մինչդեռ Ավետիս Ամուճան կառք չէր նստում, թե՝ յա՜ որ ձիանը առնեն փախի՞ն, Ազնավուր էֆենդին հին տունը չհավանեց, նորը կառուցել տվեց, կնոջ և աղջիկներին մուշտակների մեջ էր պահում, ամեն ամառ գյուղ էր ուղարկում նրանց՝ հանգստանալու։ Ինչո՞ւ Ավետիս Ամուճան էրիկմարդ էր, ու Ազնավուր էֆենդին՝ ոչ։

Եվ Գուվար Քորոն պահանջում էր, որ բացատրի։

— Իշտե էդ մեկը դուն չես հասկնար։

— Ինչո՞ւ չեմ հասկնար, շատ աղեկ ըլ կհասկնամ։

— Դե որ կհասկնաս, ինչո՞ւ կհարցնես։

— Ես կուզիմ, որ դո՛ւն ըսես։

— Կնիկությունդ սկսա՞ր նորեն։