Էջ:Երկու գերեզման 20.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէր խոսել, ուղղակի հեշտանք զգաց և ուզեց մի քիչ ավելի մնալ։

— Կուզիմ քիչ մըլ կենալ, տեսնամ պիտի կաթե՞, թե չէ,— ասաց և նայեց առաստաղին։

— Հա՜, աղեկ ըսիր, դուրսն ըլ արզևը կշռշռա։

Եվ Ավետիս Ամուճան նրան ասաց,

— Է՜հ, Թագուկ Տուտու, ես ըլ, դուն ըլ էս աշխարհքի մեջ մնացինք մինակ։

— Քա, ի՞նչ կըսես,..

— Յա՜, Գուվարս մեռավ․․․

Եվ Թագուկ Տուտուն իր աչքերով տեսավ, որ այդ վաթսուն և հինգ տարեկան ծերունին, այդ կոպիտ մարդը մանկան նման լաց էր լինում իր մեռած կնոջ վրա։

Այդ իրողությունը խորը, խորը տպավորություն թողեց Թագուկ Տուտուի վրա և ինքն էլ ձայնակցեց լացին։

Հաջորդ առավոտյան Թագուկ Տուտուն բոլոր հարևանուհիներին պատմեց դեպքը և ասաց.

— Կնկա բախտն էլ էն է, որ էրիկմարդուն առաջը մեռնի, ինքը չի լա մարդուն վրա, մարդը լա իրեն վրա։

Այդ օրվանից Ավետիս Ամուճան հաճախ էր երևում Վարի թաղում և հատկապես Թագուկ Տուտուի խրճիթում։

Այն օրն անձրևը չէր կարողացել թափանցել Թագուկ Տուտուի կտուրը։

— Հեչ չպիտի թողում, որ կաթիլ մի վար գա,— վճռա­կանորեն ասաց Ավետիս Ամուճան։

— Սաղ ըլլիս, Ավետիս Ամուճա,— պատասխանեց Թա­գուկ Տուտուն։

Երբ անձրևներից հետո ձյունը թափվեց, Ավետիս Ամուճան սկսեց գնալ և Թագուկ Տուտույի կտուրի ձյունը մաքրել։

Առաջին ձյունը երբ թափվեց և առավոտյան դեմ կտրվեց, Ավետիս Ամուճան գնաց Թագուկ Տուտույի տունը, առանց նրան լուր տալու բարձրացավ կտուրը, կտուրի աստիճանները դրսից էին, և սկսեց մաքրել ձյունը։ Թագուկ Տուտուն դեռ չէր զարթնել, հենց Ավետիս Ամուճայի՝ կտուրի վրա գնալ-գալուց էլ զարթնեց։

— Քա, վո՞վ է տեները ելեր, ձոնը կմաքրե,— ասաց Թա­գուկ Տուտուն ինքնիրեն և դուրս ելավ։