Էջ:Թյուրիմացության մութի մեջ 3.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մութը դրություն է. իսկ ամեն չար բան մութիցն է ծնում։ Մթության մեջ կասկածում ենք ամեն շարժումից, վախենում ենք իրարից, մեր վախը իրար հաղորդելով՝ վախով վարակում ենք ավելի մեծ բազմություններ, դարձնում ենք մի ահռելի երևույթ, մի հիվանդոտ դրություն, ուր ամենափոքր առիթից սուտ ու սխալ ծնունդ են առնում հրեշավոր առասպելներ ու հեշտ էլ դառնում են իրար թշնամի ամբողջ ժողովուրդներ։ Այնուհետև կուրանում ենք իրար լավ կողմերը տեսնելու, խլանում ենք առողջ, բարի խոսքի հանդեպ, դառնում ենք հակամետ ամեն չար բանի հավատալու, հետևելու, և էդ տեսակ ժամանակները դուրս եկող ամեն մի սրիկա կարող է խաղալ ժողովուրդների ճակատագրի հետ։

Նորանցյալ թուրք֊հայկական ընդհարումները[1] հոյակապ դաս ու օրինակ են մասսայական էս հիվանդ հոգեբանության։ Երկար տարիների խեթ֊խեթ հայացքները, ցեղական շահերի անունով բորբոքվող պայքարները, թշնամական երգերն ու կասկածելի փսփսոցները մարդկանց, ժողովուրդների հոգու մեջ ամբարվում են ժամանակի ընթացքում մի սև օր պայթելու՝ զարմացնելով բոլոր միամիտներին, թե էս ի՞նչպես եղավ և ո՞րտեղից էր։

Եվ ինչպես երեխաները՝ ինչ էլ որ անեն, սիրում են մեղքը գցել ուրիշի վրա ու իրենց արդարացնել, որովհետև ինքնաքննադատության ուժն ու ճշմարտությունն ասելու գիտակցությունը չունին, էնպես էլ ամբոխներն ու ամբոխամիտ մարդիկ գտնում են մի շեյթան… ա՜, շեյթանն էր, թե չէ ի՞նչպես կարելի էր, որ իրենցից էդպես բան դուրս գար…

Խաբում են իրենց, հանգստացնում են իրենց վրդովված խղճմտանքը ու գնում են դեպի նոր ընդհարումներ։

Ինչո՞ւ։

Որովհետև գնում են նույն հին ճանապարհով, նույն հին ձևի պայքարներով, նույն հին երգերով թե դումայի մեջ, թե մամուլի էջերում, թե զեմստվոյի շուրջը, թե ուսանողական շրջանում… միշտ ատելություն բորբոքելով ու հետզհետե գրավելով ավելի մեծ բազմություններ ու ավելի մեծ տարածություններ։ Եվ զարհուրելի է, երբ մտածում ես, որ մեծ մասով էդ բոլորն առաջանում են

  1. 1905-1906 թվականների հայ-թուրքական ընդհարումները։