Էջ:Իմ հորաքույրը 20.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եղբորս միամտությունը և հորաքրոջս ինտրիգի աջողությունը հասան մինչև այն աստիճանին, որ մի օր եղբայրս դուրս վռնդեց տնից մեր փեսային։

Քույրս լաց եղավ, մայրս զգայնությունից հիվանդացավ, մենք էլ սկսանք չսիրել փեսային, որ «պատճառ» էր մեր տան վրա թափած նոր կրակե կարկուտին։ Փեսան հանդարտաբարո բնավորությամբ մի երիտասարդ էր և չկարողացավ ավելի ճիգ և կամք հանդես բերել։

— Հերի՛ք է,— ասում էր վշտագին մայրիկս հորաքրոջս,— հերի՛ք է սև սատանի դեր կատարես այս տան մեջ, ի՞նչ ունիս աղջկանս մոտ, որ չես կրնար ետ առնել։

— Ես ի՞նչ բան ունիմ,— պատասխանում էր հորաքույրս,— խելառ տղադ է ընողը, ամեն բան ըրեք, վերջեն ելեք իմ վրաս նետեցեք հանցանքը, Աստծու ահեն չե՞ք վախնար, շատ ըլ մի գուրգուրար փեսայիդ վրա, չգտնվելիք չէր, մեր ոտը թող պագնեն ու մեր աղջիկը առնեն։

Մայրիկս, ինչպես երեսուն տարի, այս անգամ էլ լռեց՝ առիթ չտալու համար նրան ավելի սատանայական մեքենայությունների, բայց մեր տան փեսայի հետ կռիվները այնքան հաճախակի դառան, որ փեսան ստիպվեց իր տված նշանը ետ պահանջել։ Նշանը ակամա ետ ուղարկվեց, բայց խեղճ երիտասարդը վշտից հիվանդացավ, ուժասպառվեց և մի օր էլ մեռավ։ Քույրս, աներևակայելի ջանքերի շնորհիվ՝ Եվրոպա, ամառանոց և ջերմուկներ, հազիվ փրկվեց մահվան վտանգից։

Մինչև հիմա էլ հիշում եմ մեր ժամանակավոր փեսային՝ շատ սիրուն դեմքով և կազմվածքով, բարի և հիմար։

Խեղճ տղան քաշվում էր իր սերը պաշտպանելուց։


9

Եգիպտոսի վրայով՝ Ամերիկայից մեր քաղաքը հասավ մի մարդ, որ աչքի զարնվեց միայն այն բանի համար, որ առջևի ատամների երկուսը ոսկուց էին շինված և ապա ասում էին, որ շատ հարուստ էր։ Այս մարդը խարբերդցի էր, բայց նրան միայն ծերունիներն էին հիշում։

Ջինջիլյան էֆենդի՝ այս էր նրա ազգանունը։