Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


բեկերին փեշքաշ անեն, խալաթ առնին։ Նրանց շարժմունքը բերդըցիքն էլ էին տեսել ու ջանները դող ընկել, էլ վախտ կորցնել չէ՛ր հարկավոր. թե որ իմացել էին թշնամիքը, բանը խարաբ կըլեր։ Հեռըվանց էլ Երևանու կողմիցը մեկ երկու ձիավոր ձիանոնց անկաջը մտած, թոզին փափախին անելով գալիս էին. թշնամին նամազ էր անում, ի՞նչ մտիկ կտար, թե աշխարքն էլ փուլ գար։ Հենց մեկ էլ ձեռնըները[1] անկաջներին դրին, չոքեցին, ու գետնին կպան, թվանքները բերդիցը ճռռացին, սար ու ձոր թընդացին, եկեղեցիքը գլուխ բարձրացրին, ձիանքը[2] թոզ ու ղանթարղա, կտրեցին, երկու հազարից ավելի յափունջի, թուր, թվանք գետնի վրա մնացին, ու Ղզլբաշի շատը անգտակ, բոբիկ՝ ընկավ ձորնըվեր, չունքի հրաշքից, յա քաչքից ավելի ոչինչ չէին կարծում, ղոչաղ Հայի տղերքը քար ու ձոր բռնած՝ էլ էնքան թվանքին չէին զոռ տալիս, որքան թրին ու ղամին։ Գազան Հ<ասան> Խ<անի> լավ աջալն էկել հասել էր, ամա նրա բախտն էր՝ որ էն Երևանից էկած ձիավորները հենց էս սհաթին ձորաբաշը հասան․ մինչև փիադա Հայի տղերքը նրանց կհասնեին, սրանք ներքև էկան, Հասան-խանին ձիու վրա դրին ու թռցրին։ Ողորմելին ձորի էս կողմիցը որ աչքը չի քցեց ու իր ջրատար օրդուն տեսավ, երեսը կալավ ու ձիուն օրզանգվիլ տվեց։ Հազար մարդից ավելի հոգին տվել էին էսօր, մյուսքը, որը քարափի քարերի գլխով վեր ընկել, փառչա փառչա էլել, որը բանհոգի էլած՝ վեր ընկած մնացել, որն էլ քարի, քոլի տակի տափ կցել, ճապաղել։ Շատին հենց էսպես տեղերից հանեցին, կռները կապեցին ու դարիդուս տարան, թող նրանց ուրախությունը47) նա զգա, իմանա, ով սիրտ ու երևակայություն ունի։ Հարիր ավելի գերի էլ էսօր ձեռք բերին։ Փոքր ժամանակի Անի էն անունը հանեց, որ սաղ Երևան դողում էր։ Էն ժամանակը ես ինքս Էջմիածին էի, որ Հասան–խանը էնպես փախած՝ էկավ, անց կացավ։ Առաջուց մարդ էր ուղարկել, որ Էջմիածնա միաբանքը առաջը չգնան խաչ ու խաչվառով, ինչպես միշտ անում էին. բայց ձեն հանեցին՝ թե Քրդերը ճամփին վրա են տվել ու Ղարս ցավ էր ընկել։

Աչալուրջն Աղասի, երբ բոլոր խալխը էկան, հավաքվեցան, ամեն բանը թողաց, հրամայեց գնացին եկեղեցին, րիգնաժամն ասեցին, Աստծուն իրանց շնորհակալությունն արին, ու ժամը որ դուս եկավ, մարդ քցեց ամեն տեղ՝ որ ղարավուլ քաշեն, տեսնին՝ թե հարամու ոտքը կտրվե՞լ ա, թե էլ ահ կա։ Գոհություն Աստուծո՝ ոչինչ չտեսան, եդ դառան։ Մեռած մարմինները, որը քարափնըվեր ձորը շպռտեցին, որը հորերը․ մնացած ձի, հարստություն ճոթ <արին>։48) Շորին, ձիու, ասպարի մտիկ անող չկար։ Մութը գետինը չառած, ամեն տեղ պահապան դրեց, ու մնացած խալխը բերդը հավաքեց։ Րիգնահացը որ կերան, Աղասին սկսեց խորհուրդ անել՝ թե ի՞նչ ա նրանց միտքը, ո՞ւր են ուզում գնալ․ նրա միտքն էն էր, որ բալքի սրանց էլա ճամփու բերի, մնան Անի, իրանց հին աթոռանիստ քաղաքը, ուրդեղ որ նրանց կյանքը ազատվել էր, կրկին շեն քցեն, գրեն Գյումրի, Ռսի ռահաթ դառնան ու էստով աշխարքումը հավիտենական անուն ճարեն։

  1. [ձիաններն]
  2. ձիաները = ձիանքը