Էջ:Խելոք աքաղաղներ 10.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չէին հասկանում։ Հետո, իշխելու, ընկերներից հարգանք ու հնազանդություն ստանալու փափագը զարթնեց նրանց մեջ և հուսկ ուրեմն, նրանք սկսեցին իրենց սեփականացնել բաշխվող կուտի ամենալավ մասը, պատժել՝ ում կամենալ, սաստել, խլել՝ ո՛ւմ փափագել. և չէր անցել մի քանի ամիս, որ գաղութը ո՛չ միայն լիովին հանդարտվեց, այլև ամենից ազատ ու հանդուգն մտածողները դարձան ամենից բռնավոր իշխողներ, գրողին տվին ազատ մտքերն ու իդեալները և մինչ իսկ սկսեցին ծաղրո՛վ հիշատակել օտար աքաղաղի և փախած ընկերների մասին․․․

Դրա վրա ավելացրեք և ա՛յն, որ մի օր, աղայի հրամանով և նոր պաշտոնյաների համաձայնությամբ, մի թուղթ կախվեց գաղութի մեջ, որի վրա գրված էր այսպես․

«Չհամարձակվե՛լ ազատության մասին մտածելու․ այդպիսին մյուսներից ավելի շուտ կմորթվի․․․»։

— Չհամարձակվե՛լ․․․— ճչացին պաշտոնյա աքաղաղները,— թե չէ՝ մյուսներից ավելի շուտ կմորթվեք։

Եվ խելոք աքաղաղները, երբ կարդացին այդ, բարվոք համարեցին ավելի ուշ մորթվելը՝ ազատության փոխարեն որպես իդեալ ընդունել, և այնուհետև էլ ո՛չ ոք չհամարձակվեց ազատության մասին երազել․․․

Ախ դուք խելո՛ք, խելո՛ք աքաղաղներ․․․