Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 06.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էլ թույլատրված չէր այդ։ Երեկոյան նորից էր տանում, որ հայրս վերադառնա։ Եվ ամեն օր միևնույնը։

Մենք մի ձի էինք պահում, որպեսզի երբ ազգականներից և բարեկամներից մեկնումեկը գար և ասեր թե՝ «Հայրս բարև ըրավ, ըսավ քի՝ էշը թող տան, տեղ գնամ գամ», էշի փոխարեն՝ ձին տայինք։

Հայրս չէր սիրում, որ իր էշի վրա ուրիշն էր նստում։ Եվ դժվար թե ինքը՝ էշը թույլ տար, որ, բացի հորիցս, որևէ մեկը նստեր վրան։ Նստողի դիակով անպայման մի փոս կլցներ։

Հորս արիստոկրատիզմից շատ բան էր անցել էշին, նրա հոգեբանությունը նույնպես զարգացել էր այդ ուղղությամբ։

Հորս տուն վերադառնալուց առաջ ամբողջ տունը շարժման մեջ էր․ ընտանիքի ամեն մի անդամը մի բան էր անում, դարսում, սրբում, դասավորում, տեղափոխում։ Տունը պետք է լիներ խստագույն կարգապահության մեջ, կոշիկները դարսված, պահարանների դռները փակ, այգու ծաղիկները ջրված, երեխաները սանրված, ընտանիքի բոլոր անդամների շորերը փոխված, ջրի բաժակը ջրամանի մոտ՝ կոթը ոչ դեպի պատը դարձված, ավելն իր անկյունը, շորերի կախարանի նրա վերարկուի մեխը բոլորովին ազատ։

Դռան առաջ նա իջնում էր էշից։ Մի պահ սպասում էր, մի սիգարեթ էր վառում, որպեսզի ամբողջ տունն իմանա, որ եկել է։

Դրան կարիք էլ չկար, որովհետև փողոցի անկյունից էշը սկսում էր զռալ և հայտարարել ժամանումը։

Մայրս հանդիպում էր նրան բակում, միասին բարձրանում էին վեր։ Մեզանից ոչ ոք նրա մոտ չէր գնում, նա ինքը բոլորին կանչում էր հատ֊հատ, համբուրում, շոյում, կշտամբում և ճանապարհ գցում։


***

Կիրակի օրերը նա գնում էր ագարակ և մինչև կես֊գիշեր մնում այնտեղ։ Մարմարյա ավազանի եզրին օղի էր խմում, տնից հատուկ ուղարկված ընթրիքն անում։ Այդ ընթրիքը մոտավորապես պատրաստված էր լինում տասը մարդու համար — միգուցե հանկարծակի հյուրեր հայտնվեին։