Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 12.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հորս մահվան մասին նա առաջին անգամ լսել էր մեծ եղբորիցս։

Երկու կանայք լաց էին լինում մի տղամարդու համար, այն տղամարդու, որ այդ երկու կնոջ հոգին էլ լցրել էր սարսուռով, ծծել էր երկուսի շուրթերից էլ սիրո արյունը։

Մեծ եղբայրս պատմեց, թե ինչպես էր գնացել այդ կնոջ մոտ՝ Ստամբուլում։ Կինն անմիջապես ճանաչել էր եղբորս, գրկել էր, համբուրել և լաց եղել։

— Բոյով֊բուսով կնիկ էր, բարակ, երկար մազերով, ընկույզի գույն աչքերով, հունական քթով, կոկորդի վրա սև խալ։

Մայրս հրճվանքով լսում էր եղբորս պատմությունը և լաց լինում։

— Մեսումը[1] որբ մնաց,— ասում էր մայրս արցունքների միջից։

Մինչև այժմս էլ չեմ կարողանում ընդգրկել մորս սիրո խորությունը։ Երբ փորձում եմ նայել այդ խորությանը մեջ՝ գլխապտույտ եմ ունենում և սիրտս դողում է այդ խորությունից։

Մայրս կրթված կին չէր, նրա ուսումը Ավետարանից դենը չանցավ, բայց հզոր սիրո ազդեցության տակ նա հասել էր հոգու անսահման խաղաղության։

Կինը, եթե սիրի, լեռան ծանրություն կարող է կրել իր հոգում։


***

Ինչպես ասացի, մորս գերագույն մխիթարությունն էր ամեն երեկո կամ կիրակի ցերեկները ծալապատիկ նստել սենյակի մի անկյունը և Ավետարան կարդալ, առաջ՝ մեռած հորս հոգու, իսկ վերջերս էլ՝ պանդուխտ եղբայրներիս համար։

— Գևորգիս համար գլուխ մը Ավետարան կարդամ,— ասում էր նա և մի էջը բաց անում։ Բանալուց հետո, նախքան սկսեր կարդալը, նրա պայծառ և շագանակագույն աչքերը լցվում էին արցունքի կաթիլներով։

Մի գլուխ կարդալուց հետո՝

  1. խեղճ, անօգնական, որբ