Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 124.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մասին, որպեսզի վերջնականապես որոշեն աղջկա ճակատագիրը։

— Անմիտ և խենթ տղային մեկն է, — պատասխանել էր տեսուչը։

Ծնողները, իրենց աղջկան համոզելու համար, հայտնում են նրան ազգական տեսչի՝ իբրև քաղաքում ամենամեծ մտավորականի, կարծիքը, աղջիկն էլ, իր հերթին, հայտնում է Հակոբին տեսչի այդ կարծիքը՝ բացատրելու համար այն դժվարությունները, որոնք ծառացել են իր դեմ՝ նրա հետ կապվելու ճանապարհին։

Եվ ահա Հակոբը, անմիտ և խենթ, կտրել է տեսչի առաջ կես֊գիշերին և դաշունահար արել տեղնուտեղը։

Քաղաքի ամենավերջին թուրքը մազաչափ մասնակցություն չէր ունեցել այս ոճրագործության մեջ։ Հայերը, ամոթահար, լռեցին, բայց թուրքերն աշխատեցին չմոռանալ այն։


***

Այս դեպքից մի ամիս անց, քաղաքի ամենակատաղի թուրքերից մեկի՝ Ահմեդ Չավուշի կինը խեղդամահ գտնվեց իր սեփական անկողնում։

Ահմեդ Չավուշը մունետիկ էր, բարձր և խռպոտ ձայնով։

Եթե կառավարությանը հարկ լիներ մի որևէ հայտարարություն անել, կանչում էր Ահմեդ Չավուշին և նրան էր հանձնարարում անել այդ հայտարարությունը։ Հանկարծ ղողանջում էր Ահմեդ Չավուշի ձայնը․ «․․․չանսացողները կբարձրանան կախաղան․․․»։ Նրա հայտարարությունները միշտ վերջանում էին պատժի գերագույն չափի անողորմ հայտարարությամբ։

Եվ հանկարծ, կես֊գիշերին, մեր թաղում լսվեց Ահմեդ Չավուշի ձայնը․ «Հայերը կնոջս խեղդեցի՜ն ու փախա՜ն, փախա՜ն․․․» — այս բառերից հետո լսվեց մի կատաղի մռնչոց, կարծես մի գազան էր ողբում։ Ձայնը լսվում էր կտուրից, նա բարձրացել էր կտուրը, պտույտ էր գալիս իր առանցքի վրա և գոռում, ձեռները վեր բարձրացնելով և ճոճելով օդում՝ «հայերը կնոջս խեղդեցին ու փախա՜ն․․․»։