Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 13.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



— Գլուխ մ՚ըլ Լևոնիս համար կարդամ։

Մենք բոլորս լցվում էինք խոր ու դողահար երկյուղածությամբ, անծանոթ մի սարսուռ պատում էր մեր հոգին, և մայրիկը դառնում էր մեր աչքին բոլորովին կերպարանախոխված մի կին։ Ընթերցումից հետո լռին աղոթք էր անում։

Ամեն անգամ, երբ Ավետարանի անցքերի և անձնավորությունների մասին հարցեր էին տալիս նրան, նա բացատրում էր յուրահատուկ հասկացություններով։

Մի օր ես պառկել էի սադիրի[1] վրա և կիսաքուն վիճակում էի։ Սայրս կարով էր զբաղված, իսկ մեծ հարսն Ավետարան էր կարդում բարձրաձայն։ Հանկարծ հարսն իր ընթերցումն ընդհատեց և մայրիկիս դառնալով՝ ասաց․

— Մայրի՛կ, քըզի բան մի տի հարցնեմ։ Աստվածաշնչի մեջ գրված է, որ օձը խաբեր է Եվան, օձի խոս քովը խնձոր կերեր է. վերջը ատ խնձորեն Ադամին ըլ կերցուցեր է, աստված երկուքին ըլ պատճեր է ու դրախտեն վռնդեր է, աս գլուխը հեչ չիմ հասկնար․․․

— Քա՜, հարս,— ընդմիջեց մայրս,— սո՛ւս, չոճուխը[2] կլսե։

Մայրս ինձ էր ակնարկում։ Մինչև այդ ես կիսաքուն էի, կարող էի բոլոռովին քնել, բայց մորս զգուշավորությունը լսելով՝ բոլորովին զարթնեցի։

Մայրս հաստատ լինելով, որ քնել եմ, սկսեց բացատրել օձի պատմությունը․

— Հարսնո՛ւկ, օղո՛ւլ, երկու հատ զավակ ունիս, ամմա դահա շատ ջահել ես, բան չես գիտեր,— սկսեց մայրս։ — Ւնչո՞ւ համար է, որ կնիկներուն երես չեն տար, ժամուն մեջ չեն թողուր, որ կնիկները խորան ելլեն, կնիկ ըսվածը շատ մեղքեր ունի, աշխըրքիս շատ մեղքը կնիկներուն վզին է։ Ես քըզի ըսեմ ատ պատմությունը, դուն մարդու բան մի ըսեր։ Եվան չափան օինի հաներ է[3], աստուծո խոշին չի եկեր, ինչու որ դահա աստված պսակի հրաման չէր տվեր. Եվան չի համբերեր, գացեր մտեր է Ադամին ծոցը, աստված ըլ բարկցեր է,

  1. թախտ
  2. երեխա
  3. ամուսնությունից առաջ հղիանալ