Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 146.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



Իրար ձեռքից աղավնիներ էին խլում — սա էր աղավնի խաղցնելու հմայքը։

Աղավնին չափազանց դարպասող թռչուն է, դյութող ու դյութվող։

Սեռն աղավնու ամենուժեղ բնազդն է։

Տաքացած տափակ կտուրի վրա, երբ արևի շողը կաթկթում է հեղուկի նման, կտուցներն այրվում են սիրուց, քչքչում են, թռվոտում, կտուցներն ընկղմում իրենց փետուրների մեջ, կտցահարում են մարմինները՝ խայտանքից հարբած, մոտենում են իրար՝ սիրուց կրակված, քսվռտվում են, կտուցները զարնում իրար, թռնում իրար վրա։

Աղվընիկ խաղցնողը տեսնում է, որ մի կտուրից համարձակ օդը բարձրացավ մի մարի (էգ)։

Գեղեցիկ է։ Փոփոխակի մանիշակագույն և կանաչ կուրծքը փռվում է արևի շողերի տակ։

Հանում է մի դարպասող պապի (արու), «ճինս» աղավնի, տասնյակ հաղթանակներ տարած։

Պապին գնում էր, օդում դարձդարձիկ շարժումներ գործում, դառնում էր, անվերջ դառնում, մինչև հմայեր մյուսին, քաշեր բերեր իր բույնը։

Աղավնիների այդ պայքարի ժամանակ երկու աղավնիների տերերը, տարբեր կտուրների վրա, բռնվում էին անսահման անձկությամբ։ Նրանք օտարոտի սպասում էին վախճանին, ներքևից ընտանի սուլոցներ բաց թողնելով՝ ոգևորելու և քաջալերելու իրենց պայքարող աղավնիներին։

Մինչև պայքարի վախճանը նրանք ապրում էին կես հոգեվարք։ Մութը պատում էր նրան, որի աղավնին — հմայված մյուսից — գնում էր նրա ետևից։

Դրանից սկսվում էր մահացու թշնամությունը՝ մինչև արյուն, մինչև մահ։

Պարտված աղավնու տերը զգում էր իրան ցեխի մեջ տրորված, անպատված։ Նրա համար ավելի նախընտրելի էր, որ ինքը խայտառակվեր ամբողջ քաղաքում, քան թե իր աղավնին պարտվեր պայքարում։

Թշնամությունը տևում էր սերունդից սերունդ, չէր մոռացվում ահավոր անպատվությունը։

Եվ հաճախ պարտված աղավնու տերը, չհամբերելով, որ