Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 18.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գնա՝ (եթե գնա) ինչ պիտի առնե։ Այդ ցուցակը երեք կամ չորս բանից էր բաղկացած լինում․ 2 օխա շաքար, 25 գրեմ զենջեֆիլ, մեկ շիշ քացախ և հաց․ բայց այդ համարում էր աշխատանք։

— Կըսին քի գործ չեմ ըներ, էսի գործ չէ՞․․․— հարց էր տալիս մեկնումեկին և ցույց տալիս պապիրոսի թղթի վրայի ցուցակը։

Ձին նստել և այգի գնալ գալն էլ աշխատանք էր համարում, որովհետև պահապանին մի քանի հայհոյանք տված կլիներ։ Եկեղեցի գնալը, աղոթք անելը և տերտերին հայհոյելն էլ աշխատանք էր և գերաշխատանք, եթե սկանդալը մեծ էր լինում։

Իր հարազատներից և ծանոթներից ոչ ոքին իսկական անունով չէր կանչում՝ «շունը, քյոփակը, սև կատուն, փոթոն, աղվեսի պոչը, սատանի քիթը, քելը, փիսը, թուլ բերանը, կախ կոկովը, փաթլախը, քոռը»— և այսպես անվերջ ածականներ։ Օրինակի համար, իմ մասին խոսելիս՝ ասում էր․

— Մեր կապոտ շունը։

Եկեղեցում, երբ քահանան տեսներ, որ հաջի Առաքել աղան եկեղեցումն է, ոչ մի աղոթք չէր կրճատում, որովհետև պապս, նույն հաջի Առաքել աղան, իր կանգնած տեղից բարձրաձայն շարունակում էր կրճատված աղոթքը։ Պատահեց մի անգամ, որ քահանան, գիտենալով հանդերձ, որ հաջի Առաքել աղան եկեղեցումն է, կրճատեց մի աղոթք, պապս շարունակեց, քահանան ականջ չկախեց, պապս ավելի բարձրաձայն և ավելի համառորեն շարունակեց, խանգարելով քահանայի մտադրությունը՝ այդ օրը մի քիչ ավելի շուտ վերջացնելու ժամերգությունը։ Բայց սրանով չվերջացավ, պապս սպասեց, որ քահանան դուրս գա եկեղեցուց։

— Էկեր պատարագիչ չըլլեիր, ոտիս տակը կառնեի քեզ, շո՛ւն շան որդի։

Ապա ժամկոչին նկատողություն էր անում, որ զանգը քիչ տվեց, լուսարարին հայհոյում էր, որ եկեղեցու մեջտեղի կանթեղը շուտ պրծավ, և այլն։

Տուն վերադարձին, տան բոլոր անդամների բերաններից հոտ էր քաշում, թե պատարագից առաջ բան կերե՞լ են։ Ամեն մեկին կանչում էր թե՝