Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 59.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



Բայց բոլորն էլ փակում էին դռները, քաշվում ներս՝ մեղսակից չլինելու համար այն հանցանքին, որ բոլոր մարդիկ, բոլոր ժամանակներում գործել էին։

Երբ Նիկողոս աղան հասավ մեր դուռը, մեր տան կանայք իջեցրին լուսամուտների վարագույրները, դուռն արդեն փակ էր։

Ես կտուրից տեսա Նիկողոս աղային բավականին մոտից․ քրտինքը ողողել էր նրան, գլխից շոգի էր բարձրանում, վզի երակներն ուռած, բեղի վրա խլինք, շրթունքները պրկված, ա՜հ, նրա աչքերը՝ սարսափը ցցվել էր նրա աչքերում դանակի նման։

— Բոլոր գիշերը Մարիցայի մոտ էր,— աղաղակում էին ոմանք։

— Հոգաբարձության նախագա՜հը,— աղաղակում էին ուրիշները։

Հայրս նստած էր թախտի վրա։ Երբեք չմոտեցավ լուսամուտին։ Քաշում էր ծխախոտը և շշնջում․

— Անպիտաննե՛ր, կարծես ուրիշ գործ չունին։

Նիկողոս աղան հասավ բազարի մեծ հրապարակը և կորավ բազմության մեջ։

Ամբոխը ցրվեց բավարարված և հանգստացած։

Այդ դեպքից հետո Նիկողոս աղային ոչ ոք չտեսավ քաղաքի փողոցներում, խանութը մնաց փակ։

Ասում էին, որ տանն էլ ո՛չ ոքի չի ընդունում, քաշվել է մի առանձին սենյակ, ծխում է, քայլում անընդհատ, գլուխն օրորում, ինքնիրեն խոսում, հայհոյում։

Վեց ամիս հետո լուր տարածվեց, որ Նիկողոս աղան լցրել է իր ընտանիքը մի կառքում և գիշերով հեռացել է քաղաքից՝ վերջին անգամ թքելով քաղաքի հողի վրա, կոշիկների փոշին թափ տալով։

Թե ու՞ր գնաց Նիկողոս աղան, ի՞նչ եղավ՝ ո՛չ ոք չիմացավ։


***

Գարուն է։ Մեր վւողոցում ծաղկում են նշենիները, խնձորենիները, տանձենիները, սալորենիները և ակացիաներր։ Հեռուն՝ Մաստառի գագաթին, դեռևս ձյունը համառում է, դիմադրում է անէանալու վտանգի մեջ եղող որևէ տարերքի նման,