Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 84.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամբոխին, որը ընկնում էր նրանց ետևից՝ ձմեռային գուլպայի բուրդը ձեռք բերելու համար։

Ահա անցնում է մի ուղտ, զարդարված արևելյան հարսի նման, փոքրիկ հայելու կտորներով, գարնան հնչունակության բոժոժներով, մետաքսի կտորներով, գույնզգույն բրդյա հյուսվածքներով։

Դա քարավանի տիրոջ ընտանիքին պատկանած ուղտն է։

Քարավանի տերը բերում է իր հետ նաև ընտանիքը՝ ցույց տալու համար հյուսիսի տարօրինակ երկրները։

Զարդարված, բարձր, մեծղի ուղտի կռնակին զետեղված է մի պատգարակ, գույնզգույն մետաքսե վարագույրներով, որոնք օրորվում են ուղտի ռիթմիկ շարժմանը համընթաց։ Կանանց դեմքը ծածկված է ներքևից մինչև քթի կեսը, իսկ վերևից՝ մինչև հոնքերը․ միայն սև աչքերն են փայլում, փայլում են ինչպես հարավի արեգակը։ Անվերջ ծամում են, նրանց ծնոտների ելևէջը հնազանդում է ուղտի օրորումին, ծամում են խաղաղությամբ և ծուլությամբ, նայում են մեր քաղաքի լուսամուտներին, կտուրներին, տղամարդկանց, կանանց, ընկողմանած գույնզգույն, վառող գույներով փոքրիկ ստինքների պես ուռած բարձիկներին։ Անապատների այդ կանայք ունեն երազուն աչքեր, ուղտը օրորում է նրանց անվերջ, օրորում է գիշեր և ցերեկ, բաբելոնական երկրներից մինչև փոքրասիական քաղաքներն ու գյուղերը։


***

Քարավանը շարժվում է, պետք է հեռանա քաղաքից։ Վեր է կենում ուղտը, հառում է նայվածքը սահմանափակ հորիզոնին, տիրոջ հավատարիմ ծառան աճապարում է փոքրիկ սանդուղը բերել, դնել ուղտի փորին։ Տերը բարձրանում է վեր, ընկողմանում է կնոջ կողքին։

Համբույր, բոժոժների երգ, ուղտի ռիթմիկ օրոր՝ քարավանատիրոջ ճանապարհորդությունը։

Քարավանը ճամփորդում է գիշեր և ցերեկ, կանգ է առնում միայն այն ժամանակ, երբ հարկավոր է բեռներն իջեցեցնել,