Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 93.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լուսինը, կապույտ երկինքը բոլորովին անհամապատասխան էին լինում երկու ջահելների ծնողների հարաբերության։ Սև ամպերը կուտակվում էին, ծայր էր առնում ողբալի մի տրագեդիա։

Ոչ մի խրատ՝ ծնողներին համոզելու՝ չէր օգնում։ Քարային համառությունը չէր փշրվում, չէ՞ որ գավառացի էին և հայ։

Եվ տարածվում էր աղետալի լուրը, տղան իրեն գցել է կտուրից ներքև, գանգն ամբողջ ցրիվ եկած։ Եվ ահա մի ուրիշ աղետալի լուր՝ աղջիկը թունավորել է իրեն։ Տղան իր մահվանից առաջ իր ձեռքով է տարել աղջկան խնդրած թույնը։


ԺԲ

Եվ գոյություն չուներ, բացարձակապես գոյություն չուներ պետական կամ հասարակական ոչ մի հիմնարկ, որ խնամեր խենթերին․․․

Խենթե՜ր․․․

Փողոցները լիքն էին զանազան տեսակի խենթերով։ Նրանցից ոմանք եկել էին գյուղերից, ոմանք՝ ուրիշ քաղաքներից, իսկ շատերը նախկին բնիկ խելոքներ էին, որ գժվելով՝ դուրս էին ընկել տան շրջափակից։

Թերևս նրանցից մեծամասնությունը, այժմ մտածում եմ, կարող էր բուժվել, բայց ընկնելով փողոցները անխնամ՝ դարձել էր բոլորովին անբուժելի, որովհետև երեխաներն ու անկիրթներն ընկնում էին նրանց ետևից և ջղայնացնում, ավելի ևս մթագնելով նրանց հոգեկան քաոսը։

Գավառական քաղքենիությունը, որ ամեն մի հնացած, փտած սովորության համար, ինչ֊որ բարոյականի համար մարդկանց կախաղան էր բարձրացնում, չուներ ոչ մի տեսակի բարոյական՝ գեթ խղճալու այդ տարաբախտ մարդկանց։ Այդ քաղքենիությունը հրճվում էր, երբ երեխաներն ու ակիրթները սկսում էին դիվային խաղերը խենթերի հետ։