Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 98.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բազմություն էր հավաքվում և դիտում։ Ծայր էր առնում առասպելների մի շարան՝ աստծո հետ է խոսում, հենց աստված կողքին կանգնած է, բայց մեղավոր մարդկությունը չի կարող տեսնել։

Շատերր մինչև անգամ ասում էին, որ այն. ինչ երևում է, դա նրա լոկ պատկերն է, ինքը թռել է աստծու մոտ և շուտով կվերադառնա։

Բայց քաղաքում գտնվող մի քանի ժուլիկներ չթողին, որ յոթ տարուց հետո մարդկությունն արժանանա աստծո նոր պատգամին, և մի գիշեր, գուշակելով, որ այս մարդու աղվեսի մորթու տակին բավականին խոշոր գումար հավաքված կլինի, հարձակվեցին վրան ու կողոպտեցին։

Գողերը չբռնվեցին, բայց նրանց պատմությունը տարածվեց քաղաքում։

Եվ այդ պատմությունից պարզվեց մի բան, ամենաէականը, պարզվեց, որ աստծո հրամանով համրացած մարդը սարսափելի կերպով հայհոյելիս է եղել իր վրա հարձակվող գողերին և ոգի ի բռին աշխատելիս է եղել — աստծո նվիրված այս մարդը — չհանձնել փողը։ Այն բազմաթիվ մանր փողերը, որ նա հավաքելիս է եղել, վերածել է ոսկու։ Գողերը ոչ մի մանր փող նրա մոտ չէին գտել։

Կողոպտվելու հաջորդ օրն իսկ այդ մարդը չերևաց մեր քաղաքում։ Այն գնալն էր։ Ո՞ւր գնաց, ի՞նչ եղավ՝ ոչ ոք չիմացավ։


***

Սրա կապակցությամբ ես կպատմեմ մի այլ դեպք մի այլ դեմքի մասին։

Ամերիկայից մեր քաղաքն ընկավ մի բնիկ ամերիկացի՝ մր․ Ջեյկըբ անունով։

Այս մր․ Ջեյկըբը մի բողոքական միսիոնար էր, որ սուրբ հոգի էր բաժանում։

Ոչ ավել, ոչ պակաս՝ սուրբ հոգի էր բաժանում։

Ինչպե՞ս էր անում։

Հավաքում էր բողոքական հասարակությունը ժողովարանում,