Էջ:Կյուրեղ աղայի մահը 02.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չոջուխները Հաջի Քորու մաշի Քորո կպոռայի՜ն․․․

— Հա՛։

— Հա, ի՞նչ։

— Հաջի Քորոն է։

— Ի՞նչ կըսե։

— Կըսե՝ պզտախպորս հետ խոսելիք ունիմ։

Կյուրեղ աղան նորիր ցնցվեց։

— Վախըտ (ժամանակ) չունիմ, թող իրիկունը գա։

— Շատ աղեկ, կըսիմ։

Կյուրեղ աղան անմիջապես գլխի ընկավ, թե ի՛նչ բանի համար Հաջի Քորոն կարող էր եկած լինել։

«Քածը դահա չի մոռցեր…» ասաց նա իր մտքում, և տեսնելով կնոջը, որ դեռ կանգնել էր և մտադրություն չուներ գնալու, բղավեց.

— Ի՞նչ ես կայներ դեմս, գնա չըսի՞։

Կինը ցատկեց ոչ այնքան ուզենալով, որքան ամուսնու սարսափից։ Բայց երբ Հազարխան խաթունը սենյակի դռան մոտեցավ, Հաջի Քորոն հասել էր շեմքը և, առանց որևէ բան ասելու, ներս մտավ և կանգնեց Կյուրեղ աղայի առաջ։

Սպիտակ գլխով, սպիտակ և արդեն դեղնելու մոտ մորթով, նիհար, բարակ, նուրբ ձեռքերով, սև և թեթև յազման գլխին, հանգելու մոտ աչքերով, որոնց հեռավոր խորքերում կարծես ինչ-որ քաղցրություն է աճում, ձեռքերը ծալած սրտի վրա, կարկատաններով, բայց մաքուր ֆիսդանը (շրջազգեստ) հագին, գլուխն ուսին թեքած, խեղճ-խեղճ՝ Հաջի Քորոն կանգնեց իր փոքր եղբոր առաջ։

— Հոգեառ հրեշտակն է մտեր տունս,— ասաց Կյուրեղ աղան մտքում։

— Պզտախպար, ոտքդ պագնիմ, մ՚էներ, մ՚ըլլիր, ամեն բան մոռցի՛ր, ան փարան տո՛ւր մինչև գերեզման ապրիմ, անոթի իմ, մեղք իմ։— Հաջի Քորոյի այս խոսքերից Հազարխան խաթունի աչքերը խոնավացան, որին ի տես՝ Կյուրեղ աղան աչքերը խոլոռտեց կնոջ վրա և՝

— Ի՞նչ փարա, Հաջի Քորո,— հարցրեց նա։

— Պապուս (հայր) փարան, միրասի (ժառանգություն) իմ բաժինքը։

— Դահա չե՞ս մոռցեր։

— 122 —