Էջ:Կյուրեղ աղայի մահը 18.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սրբունը լացակումած ասաց.

— Ըսավ քի՝ եբոր սատկի, խաբար տվեք, գամ թաղիմ։

— Վա՜յ, քոռանա՜մ…

— Վա՜յ, խալթա՛ղ (փողոցային, պոռնիկ), վա՜յ,— բացականչեց Կյուրեղ աղան։

Կյուրեղ աղան սկսեց գալարվել, այրում էր նրա խղճմտանքը։

― Վա՜յ, վա՜յ, վա՜յ…

Հարևանները բռնեցին նրան, որպեսզի հանգստանա։

— Կյուրե՛ղ աղա, հեչ կտրիճ չես եղեր,— ասաց Ավետիս էֆենդին։

Կյուրեղ աղան սկսեց սիրտը թափել, վերմակը և ողջ անկողինը կեղտոտվեց մաղձային փորամիջով։

— Կը խեղդվի՜մ, կը խեղդվի՜մ…

— Հեքիմի վազեցե՛ք,— ճչաց Հազարխան խաթունը։

— Չէ՛, հեքիմ պետք չէ, մեղքերս թեթևցուցեք, ալ բան չեմ ուզեր, մեղքե՜րս… մեղքե՜րս…

— Դոկտորը դեղ մը կուտա, կանցնի, Կյուրեղ աղա,— միջնորդեց Ավետիս էֆենդին։

— Չէ՛, Ավետիս էֆենդի, չէ՛, ես գիտեմ գլխուս ի՛նչ եկավ, մեղավոր իմ, մենծ ախպարս, գող իմ, մենծ գող իմ, հեքիմն ի՞նչ տ՝էնե։

— Քիչ մը հիվընդցեր ես, էդպես կըսես,— ասաց Ավետիս էֆենդին մի բան ասած լինելու համար։

Կյուրեղ աղան դարձավ Հազարխանին.

— Հազարխա՛ն, ազգի՛, կացցային բոլոր փարան սոխախը թափե, թող աղքատները կշտանան, հոգիս ազատվի… Տե՛ս, տե՛ս, եկա՜վ, եկա՜վ, եկա՜վ… Ծո՛, դուն էնդի աշխարհն էիր գացեր, ինտո՝ր եղավ, որ եկար, ինչո՞ւ եկար… հա՛, ընդունակս է, ես կերա, լեզուս կտրեն քի սուտ խոսամ, ես կերա, հիմա երկու անգամը տամ, յախաս թող։ Հազարխա՛ն, Հաղարխա՜ն, քառսուն ոսկի տուր ընծի, չաբուխ, հիմա վզիս կը չոքի․․․

Հազարխան խաթունն անմիջապես ավելի-պակաս քառսուն ոսկին հասցրեց ամուսնուն, որը հափշտակելով փողը, ափի մեջ կշռելու պես մի շարժում արավ և, հանկարծ, ամբողջ փողը շպրտեց օդի մեջ և բղավեց.