Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փոխադրել է 3445 րուբլի 60 կոպ.: Այս գումարը ուղարկված է եղել Ամենայն Հայոց Հայրապետի դիվանին, ապա նոցա միջոցով փոխադրվել է հարգելի Կոմիտեիդ:

Արդ, համաձայն փոխադրողի ցանկության, Բյուրոն խնդրում է վերոհիշյալ գումարի կեսը հասցնել իրեն:

Փոխնախագահ բյուրոյի Հ. Խունունց

ՀԱԱ, Ֆ.Պ- 28, ց.1, գ.116, թ.39: Բնագիր: Ձեռագիր:

N 97

«ՔԱՂՎԱԾՔ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՄԵՋ Պ. ՀՈՎՍԵՓ

ԽՈՒՆՈՒՆՑԻ ԱՐԱԾ ԶԵԿՈՒՑՈՒՄԻՑ»[1]

23 փետրվարի 1916թ.
[Թիֆլիս]

Տեղեկությունները հավաքել եմ աշխատելով միշտ ճշգրտել զանազան աղբյուրներով ու ստանալ փաստացի նկարագրություն: Այդ տեսակետով շատ կարևոր են ամերիկական հյուպատոսի և միսիոներ պ. Ստեպլտոնի ցուցմունքները: Վերջինս, բոլոր անցուդարձի ականատես, յուրաքանչյուր օր գրի է առել կատարած դեպքերն ու տեղեկությունները հանում էր իր օրագրից: Ոչ պակաս վստահելի աղբյուր էր և Երվանդ Յաղությանը, որը մի ժամանակ առևտրով է զբաղվելիս եղել և հետո դարձել էր տաճկական զորքի զինվոր: Հալածանքների սկզբիս իր անմիջական հրամանատար սպան կամենալով փրկել նրան անխուսափելի մահից, համոզել էր նրան հավատափոխ լինել: Նա մնացել էր տաճկական զինվորական ծառայության մեջ մինչև էրզրումի անկումը և հետո մի կերպ խույս է տվել նահանջող զորքի միջից և անցել ռուսների կողմը: Ուրիշ վկաներ էլ ունեցել եմ, և բոլորից ստացաթ տեղեկություններից պարզվում է դեպքերի հաջորդականության հետևյալ պատկերը:

Պատերազմի հայտարարությունից հետո կառավարությունը հայ բնակչությունից էլ վերցրել է զինվորներ և ընդհանուր կարգով բաժանել իր գնդերի մեջ: Ընդհանրապես տաճիկների վերաբերմունքը տանելի է եղել: Սակայն Սարիղամիշի կռվից հետո տաճիկների տրամադրությունը հիմնովին փոխվել է: Նրանք ասում էին, թե իրենց հաղթողը ոչ թե ռուսն է եղել, այլ հայը, և միայն հայերի ցույց տված աջակցության շնորհիվ է, որ իրենք պարտություն են կրել և իրենց հոյակապ մտածված ծրագիրը խորտակվել է: Դրանից հետո հայ զինվորներին հանում են բանակներից, հեռացնում սահմանագլխից և բանեցնում որպես սոսկ մշակներ ամրություններ կառուցելու, ճամբարներ շինելու և այլ ռազմական աշխատությունների համար: Միաժամանակ երևան են գալիս խուժանապետներ, որոնք ամեն ջանք են թափում տաճկական ամբոխն ու վարչությունը գրգռել հայերի դեմ, ոչ մի պրովոկացիական միջոց ձեռքից բաց չթողնելով: Տեռորի ենթարկեցին Սեդրակ Բաստրմաջյանին, մի քանի հայ ինտելիգենտների մահապատժի դատապարտեցին, բայց դրանով չկարողացան հայ հասարակությունը բացարձակ ըմբոստության և դիմադրության դրդել: Այն ժամանակ մեջ բերին 1829 թվին ընկած ռուսական զինվորների եղբայրական գերեզմանի մահարձանը կործանելու հարցը - այդ գերեզմանը գտնվում է [էրզրումի] հայկական գերեզմանատանը: Պահանջեցին, որ ականավոր է հարուստ հայերը մահարձանը քանդեն անձամբ: Թեև Սմբատ Սրբազանը փորձում է ցույց տալ կառավարությանը մահարձանը քանդելու անպատեհությունը և

  1. Վերնագիրը փաստաթղթինն է: