Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թույլտվություն է խնդրում մշակների ձեռքով քանդել մահարձանը, բայց խնդիրը մերժվում է: Վերջը հրաման է գալիս, որ հայերը դատարկեն իրենց տները, որ պիտի զինվորական հիվանդանոցների վերածվեն: Կրկին առաջնորդը միջնորդում է հազիվհազ կարողանում է փոխել տալ հրամանը, բայց հայերը դրա փոխարեն պետք է իրենց միջոցներով շինարարություններ վարձեին, հարմարեցնեին, կահավորեին և հիվանդանոցները պահելու ծախսը հոգային: Բավականին խոշոր գումարներ այդ եղանակով կորզվեցին ազգաբնակչությունից:

Ապրիլի 5-ին տաճիկները քաղաքից դուրս հավաքում են մի միտինգ, ուր մոլլաները իրենց քարոզներով աշխատում են ամբոխի մեջ գրգռում առաջ բերել ընդդեմ հայերի, իբր թե նրանք են տաճկական անհաջողությունների և պատուհասի պատճառը: Այդտեղ ամենից մեծ դեր է խաղում Նիշմի բեյը հայտնի իթթիհատականը: Որոշում են կոտորել բոլոր հայերին: Հայերը դիմում են վալիի պաշտպանությանը, սակայն սա հայտնում է, թե ինքը անզոր է ամբոխը զսպելու, եթե հայերը իրենց միջից կամովին մի քանիսին հանձնեն որպես խռովարարների, և դրանք աքսորվեն, գուցե ամբոխը դրանով բավականանա և հանգստանա: Եվ ճիշտ որ վալին ձերբակալում է մի քանի ինտելիգենտների և աքսորում:

Հայերից շատերը դիմում են իրենց տաճիկ հարևաններին, որոնց հետ տարիներով դրկից են եղել և իրար օգնել, ու խնդրում են նրանց պաշտպանությունը, բայց սրանք էլ ամեն կարեկցություն հայտնելով պարզապես այն են խոստովանում, թե իրենք էլ անկարող են որևէ հովանավորություն ցույց տալու և իրենց տներում հայերին պատսպարելու, որովհետև միտինգի մեջ ամբոխը որոշել է չխնայել և այն տաճիկին, որը իր մոտ կպահե հային կամ որևէ կերպ կօգնի նրան: Դիմում են գերմանական հյուպատոսին, որը նույնպես իր անզորությունն է մեջ բերում և ավելացնում է, թե հայերը իրենք են մեղավոր, որ տաճիկները այդպես են վերաբերում իրենց:

Այդպես տևում է մինչև մայիս, երբ լուր է գալիս, թե Վանը ապստամբել է: Տաճիկների զայրույթը գագաթնակետին է հասնում, և նրանք պնդում են, որ պետք է ազատվել հայերից, որովհետև սրանք ամեն տեղ էլ կարող են ապստամբել: Գողերից, ավազակներից, արբեցողներից և ուրիշ սրիկաներից կազմում են առանձին դրուժինաներ (փպՑվՌՍՌ), որոնց ուղեկցությամբ հայերին պետք է գաղթեցնեն և առաջարկում են անմիջապես ճանապարհ ընկնել, կանանց և երեխաներին բաժանում էին տղամարդկանցից և առանձին-առանձին խմբերով ուղարկում դեպի աքսորավայրերը: Այդ միջոցին քաղաք է հասնում Բասենից և գյուղերից հավաքված հայ ժողովուրդը, որին ներս չեն թողնում, այլ մի քանի օր պահում են բաց դաշտի մեջ անհաց, սոված, հիվանդություններին մատնված, մեռնողների թիվը լինում է անչափ մեծ: Մի քանի օրից այդ հայերին մաս-մաս առաջ են քշում շարունակ միևնույն ուղղությամբ, դերպի Երզնկա և Քեմախ: Վալին, Քյամալ փաշան, չկամենալով, որ կոտորածը տեղի ունենա իր աչքի առջև, իբր թե գիջանում է հայերի խնդրանքին և թույլ է տալիս քաղաքացիներին 15 օրվա ընթացքում կարգի բերել իրենց գործերը և կամովին հեռանալ քաղաքից, այդ ժամանակամիջոցում նրանք պիտի հետները առնելիքը կապռտեին, պատրաստեին և վերցնեին, մնացած գույքը ծախեին և դրամի վերածեին կամ հանձնեին որևէ մեկին պահելու մինչև իրենց վերադարձը: Հայերը սկսում են հավաքվել, ինչ կարողանում են ծախել, ծախում են, վարձում սայլեր, կառքեր, ձիեր, գոմեշներ, գույքի մի մասը վրաները բարձում, մնացածը հակեր կապելով, տանում են հայոց եկեղեցին և այնտեղ փակում, հանձնելով առաջնորդի հսկողությանը: Դրամների մի մասը հանձնում են բանկ Օտոմանին, մյուս մասը տեղական ամերիկական հյուպատոս Ստեպլտոնին (800 հակ) կամ մի ամերիկացի բժիշկ Կեյսի (500 հակ) և սկսում են փախչել:

Գաղթը սկիզբ է առնում [1915թ.] հունիսի 4-ին: Գաղթողները ճամբին հալվում են սովից, զրկանքներից, զինված տաճիկների և քրդերի հարձակումներից, որոնք