Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առանձին խմբերից փախցնում էին գեղեցիկ ու աշխատավոր տղամարդկանց և մնացածներին այստեղ-այնտեղ կոտորում: Գեղեցիկ կանանց տանում են իրենց հարեմները, իսկ աշխատավոր տղամարդկանց բանեցնում են որպես ստրուկ, որովհետև պատերազմի պատճառով աշխատավոր ձեռքեր շատ են պակասել: Շատ քչերն են հասնում մինչև Քեմախ թալանված, ամեն ինչից զրկված, գրեթե մերկ, մեծ մասը մի-մի սպիտակ շապիկ հագած: Եթե ծորերում կամ սարերում պատահել են սպիտակ շապիկ հագած առանձին կամ խումբ-խումբ մարդիկ, մահմեդականները դրանից իմացել են, որ հայեր են և կոտորել են: Այդպես է, որ ազատվողներ կամ ճամբին թաքնվողներ գրեթե չեն եղել: Մի հասակավոր կին կարողացել է ազատվել միայն այն բանի շնորհիվ, որ թաք է կացել մի քարի տակ և հետո ապավինել մի հովվի տան, որից ստացել է մի գունավոր շապիկ ու պատռոտված ցնցոտիներ և այդպես ծպտված շարունակել է փախուստը:

Քեմախ հասնողներին բոլորին էլ գետն են նետելիս եղել: Ասում են, դիակների շատությունից գետը փոխել է իր ընթացքը: Եղել են և այնպիսիներ, որոնց աջողվել է ավելի հեռու գնալ և հասնել Մուսուլ: Այդտեղից մի քանիսը դիմել են իրենց բարեկամներին և բանկի[ց] փող խնդրել: Բայց երբ փողը եկել է, հայտնած հասցեներով նրանց չեն գտել: Հավանական է, որ նրանք մեռած են քաղցից:

Այդպես է եղել ոչ միայն էրզրումում, այլ ամբողջ այն յոթը վիլայեթներում, որտեղ պետք է ռեֆորմներ մտցվին: Տեղ-տեղ հայերը խնդրել են, որ իրենց թույլ տան հավատափոխ լինելու: Սկզբում թույլ են տվել, և շատերը մահմեդականացել են, բայց վերջը նրանց էլ, որպես և լուսավորչական բողոքական և կաթոլիկ հայերին, տեղահան են արել և ջարդել: Հույներին էլ են գաղթեցրել, բայց չեն կոտորել: Տեղի ունեցած բարբարոսությունները, թույլ տվեք չպատմեմ, սոսկալի են: Դեպքեր են եղել, երբ մոր աչքի առջև զավակին մորթել են, արյունը ամանի մեջ հավաքել և մորը խմեցրել, ապա մորն էլ խողխողել են: Մւստներ փշրել, կանանց ծծեր կտրելը - սովորական բան է եղել: Մի տեղ գաղթող հայերը դիմել են Մութիսարըֆին և խնդրել նրա պաշտպանությունը քրդերից և ավազակներից: Նա բարեկամ է ձևացել, ասել է, թե ինքը իր ժանդարմներով պաշտպանված կհասցնի ժողովուրդը նշանակված տեղը, և ճիշտ որ ժանդարմները սկսել են ուղեկցել այդ խմբին: Բայց երբ եկել են մի նեղ հովիտ, հանկարծ մի բլրի վրայից սկսվել է իրենց վրա հրացանաձգություն: Խեղճերը փախել են դեպի հակառակ կողմը, այստեղ էլ գնդակների են հանդիպել, որ կողմը որ փախել են կրակ ու գնդակ: Իմանում են, որ իրենց վրա կրակողները Մութիսարըֆի ժանդարմներն են. գրեթե բոլորն էլ ոչնչանում են:

Էրզրումում թողել էին մոտ 50 հայ արհեստավորներ, որպեսզի զորքի համար կոշիկ, զգեստ կարեն, և հրամայել էին, որ նրանք սովորեցնեն իրենց արհեստը տաճիկ երիտասարդներին: Նահանջի ժամանակ այդ արհեստավորներին էլ սպանել են. մի ճարպկությամբ միայն ազատվել է ծերունի Բալթաղյանը: Սմբատ Սրբազանը մինչև վերջ մնացել է քաղաքում և աշխատել է մի կերպ պահպանել իր ժողովուրդը, ապա նրան էլ հայ կաթոլիկ և բողոքական հայերի հետ քաղաքից հանել են, հայտնի չէ, թե ուր: Հավանական է նա էլ է սպանված:

Սեպտեմբերի 15-ին նոր իրադեով այն թանկարժեք իրերն ու փողերը, որոնք հանձնված են Եղել բանկերին, հրամայված էր գրավել կամ ծախել, գոյացած գումարից վճարել հայերի պետական տուրքէրը, ապա հայերի մասնավոր պարտքերը տաճիկներին, իսկ մնացածը հանձնել պետական գանձարանին: Ամերիկահպատակ դոկտոր Կրեյսի մոտ գնված իրերն էլ զոռով խլում են: Ստեպլտոնին հաջողվում է փրկել [պահ հանձնված իրերը]:

Ամերիկյան հյուպատոսի ստացած տեղեկություններին նայելով, Տրապիզոնում, Կիրասոնում, Օրդուում և այլ ծովեզրյա քաղաքներում էլ հայերը սպանված են, և կենդանի են թողնված Օրդուում երկու հայ մատնիչներ, որոնք ցույց են տվել հայերի պահեստի տեղերը: Բոլոր ամերիկական քոլեջների հայ ուսուցիչ-