Էջ:Հաճի Մարկոս աղա 04.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և նստավ ու կերավ։ Անիկա կրնար այդ դրամով փոքրիկ գործ մը ընել, ինչպես կ՚ըսեն «տառապայի» տակ մտնել, բայց երբեք չի զիջանեցավ այդ բանին։

— Այս գլուխը «տառապայի» տակ չի մտնար, ասկե առաջ չէ մտած, հիմա ալ չի մտնար։

Նախկին մեծատունի վարկը երկար չի տևեց։ Առաջին անգամ իր մոտիկ ազգականները իրեն երես դարձուցին, որովհետև գիտեին Հաճի Մարկոսի բնավորությունը, որ կրնար մեկ լվի համար ամբողջ վերմակը վառել, հետզհետե հեռավոր բարեկամներն ալ, այնպես որ՝ ուրիշ ճար չէր մնար, եթե ոչ Մեսրոպը նետել Ամերիկա և նստիլ ու նայիլ Ամերիկայեն հասնելիք կանաչ դոլլարներուն։

Աղիողորմ տեսարան էր՝ երբ Մեսրոպ տանը ետևի դուռնեն, բոլորին կեցեք բարով ըսելե հետո, ելավ քալելու քաղաքեն դուրս և միանալու ջորեպանին, որ կսպասեր այնտեղ մութին մեջ։

Մեսրոպ պիտի փախեր Ամերիկա, որովհետև արգիլված էր մեկնիլ արտասահման։

Երբ Մեսրոպ հեռացավ տունեն և Աղավնին, տան բոլոր գործերը տեսնելե ետք, մտավ իր ննջասենյակը՝ այնպես թվեցավ, որ դագաղի մը մեջ կը քալեր, այնքան մութ էր, այնքան մինակ, այնքան դևերով լեցուն, որ հանկարծակի ինկավ իր մեկ հատիկ սրտի հատորի օրորոցին վրա և սկսավ բարձրաձայն լալ։ Լացի ձայնը հասնելով Հաճի Մարկոս աղայի՝ եկավ մտավ ներս և սկսավ գոռալ.

— Տղուս ճամբուն վրա՞ կուլաս, անզգա՛մ, կուզես, որ ետ գա ծոցդ մտնա, հա՞, ձայնդ կտրե՛։

Այս տակավին քաղաքավարություն մըն էր Հաճի Մարկոս աղայի համար, որովհետև անիկա մեկ քանի անգամ, ատկե առաջ, մտած էր նոր ամուսնացած իր տղու ննջասենյակը և քաշելով վերմակը տղուն և հարսին վրայեն, պոռացած է։

— Կեսօր է և տակավին կը քնանա՞ք իշու պես։

Մեսրոպ քանի անգամ, լալով և աղերսագին, խնդրած էր հորմեն, որպեսզի այդպիսի բան չընէ, բայց Հաճի Մարկոս միշտ պատասխանում էր.

— Լեզուդ քեզի քաշե, մինչև կեսօր չեն քնանար։

Հարսը լացը դադրեցուց հեկեկանքի մեջ և մտավ անկողին։