Էջ:Հաճի Մարկոս աղա 10.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սկսավ իր գազանության։ Ցած տանիքին վրա, ուր ամառները ամբողջ ընտանիքը կը գիշերե և անտեսանելի է հարևաններու աչքերեն, Հաճի աղա մանր խիճեր ցանեց և Աղավնին լավ մը փայտով ծեծելե ետքը, տարավ բաց ծունկով չոքեցուց տանիքի խիճերուն վրա։

Հարսը լացավ, աղերսեց, ոտքերը պագավ, օգուտ մը չրավ։ Աննա խաթուն արդեն խոհանոցին մեջ մոտեցավ և ինկավ, մյուս տղաքը դուրս էին գացեր, իսկ Հաճի աղան մեկ մը վազեց իր կնոջ քթին վառած ծխախոտ քաշել տալու և արթնցնելու համար, մեկ մըն ալ վազեց տանիքը՝ հարսին վիճակը տեսնելու համար։

Աղավնին մնալով աշնան ցուրտին, բաց և արյունած ծունկերով և թեթև շորերով տանիքի խիճերու վրա, մարմնով հոգնած և ջարդված, հոգեպես ինկած՝ ան ալ մարեցավ, ինկավ։ Հաճի աղան ինք անձամբ քաշեց կիսակենդան հարսի մարմինը, բերավ ներս և նետեց անկողնին վրա, որ ատեն զավակը կուլար և հազիվ իր սովրած առաջին բառը, լացի մեջ խեղդված, կարտասաներ. «Մայրի՜կ, մայրի՜կ»։

Քիչ հետո տղաքը դուրս եկան, ոչինչ չի կարողացան նշմարել, մայրը թախտին վրա, գլուխը վզին, նստած էր և կուլար, Հաճի աղան հրեշային նայվածքներ կը պտտցներ տան չորս կողմերը։

Տան մեջ կը տիրեր ոճրային ծանրություն մը, զոր տղաքը բնազդորեն զգացին։


Դ

— Պիտի թրջենք այս իրիկուն, լավ մը պիտի խմենք,— կաղաղակեին Մեսրոպի ընկերները «Արգ» փողոցի իրենց գաղթականական ապարանքին մեջ։

Խմելու, ուրախանալու, «թրջելու» ի՞նչ առիթ էր ստեղծված։

Մեսրոպի շաբաթականը բարձրացած էր 8 դոլար 15 սենթի։

Ատկե առաջ խոստացած էր իր ընկերներուն, որ եթե իր շաբաթականին վրա որևէ փոքրիկ հավելում մը ըլլար՝ Մեսրոպ գարեջուր պիտի առներ, որ տղաքը լավ մը խմեին և քեֆ ընեին։