Էջ:Հաճի Մարկոս աղա 20.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձեռքերը կը դողդղային, լեզուն դեպի կոկորդը կը փախչեր։

Տղամարդիկ Հաճի աղան ներս տարին, իսկ կիներն ալ՝ հարսը։ Ներս գալերնուն գտան Աննա խաթունը, որ տախտակամածին վրա կռնակի վրա փռված էր, անշնչացած վիճակի մեջ, դեղնած։

Կիները անմիջապես ջուր թափեցին խեղճ կնոջ վրա, քթին վառած ծխախոտ տվին, որմե հետո աչքերը բացավ և շուրջի բազմութենեն երկյուղած և ապշահար՝ սկսավ լալ և աղաղակել․

— Ինծիս գերեզման տարեք, թաղեցեք, այս տեսածներս չի տեսնամ ։

Դրացիներու համար այլևս պարզ էր, որ Հաճի Մարկոս աղա ճգնած էր բռնաբարել իր հարսը, իր հարազատ տղու կինը։

Մեսրոպ իր աներանցը ազգականներեն մեկեն նամակ մը ստացավ, որուն մեջ ի միջի այլոց կ՚ըսվեր.

— Որքան որ լսած եմ, ձեր տան մեջ անհամությունները տակավին կը շարունակվին և ավելի գեշ տեսակով։

Այս ակնարկությունը բավական էր, որ Մեսրոպ տակն ու վրա ըլլար, որովհետև անհամություն միայն կրնար պատահիլ իր հորը և կնոջ միջև։

Ելավ անմիջապես նամակ գրեց հորը. «Լսածովս տան մեջ անհամություններ կան, բայց մի ըստ միոջե տեղյակ չեմ, կը խնդրեմ, որ ինծի մանրամասն գրես, թե ո՞վ է անհամության բուն պատճառը, եթե հարսն է, գրե, որ ասկեց անոր գլուխը կոտրել տամ։ Յամա՛ն, յամա՛ն, տեղեկություններ տաս, շատ վեսվեսեի մեջ եմ»։

Մեսրոպ տակավին կը շարունակեր իր հորմեն վախնալ, բայց գավառացիի խորունկ հոգեբանությամբ, միևնույն ատեն, կը շարունակեր իր կնոջ վրա հոխորտալ։

Անիկա վայրկյան մը իսկ մտքեն չանցուց նամակ գրել իր կնոջ անհամության մեդալին մյուս կողմն ալ հասկնալու համար։ Կինը, ինչպես ըսինք, կարդալ գրել չի գիտնալուն համար նամակ չէր գրեր, իսկ Մեսրոպ ինքն ալ օր մը օրանց չի մտահոգվեցավ ուրիշի մը միջոցով գրել կնոջ և անոր բերնովը և ուրիշին գրովը տեղեկություններ ստանալ իր կնոջ մասին։ Իր զավակին մեռնելը տակավին չէր լսած, որովհետև հայրը