Էջ:Հաճի Մարկոս աղա 48.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խաղեր կը կանչեր, նոր-նոր ինքնիրեն երգեր կը հորիներ և կերգեր իր Աննիկին վրայոք։

«Վա՛խ, յավրո՛ւս, վա՜խ, ես այն օրը մեռա, երբ դուն դիմացի գերեզմանոցը գաղթեցիր»,— կըսեր ինքնիրեն Հաճի աղան և կը հառաչեր։

Իր հիվանդության առաջացած ատեններն էր, երբ նամակ մը ստացավ Ամերիկայեն իր երեք զավակներեն ալ ստորագրված, որ կը հայտարարեր քիչ դրամ ծախսել, շռայլություններ չընել, որովհետև դժվար էր Ամերիկայի մեջ դրամ վաստկիլ։

Արդար ըլլալու համար պետք է ըսել, որ Հաճի Մարկոսի չէր բավեր անգամ ղրկած դրամը և ատիկա իր զավակներն ալ գիտեին, բայց դիտմամբ գրած էին, որպեսզի մի գուցե իրենց Հաճի աղա հայրը չուզեր վերադառնալ հին տան սովորություններուն, որովհետև Հաճի Մարկոս գրած էր ատկե առաջ, որ իրենք պետք էին այնքան դրամ ուղարկել, որ գոհացներ զինքը և ապա կարենար փրկել իրենց տան համբավը։

Այս նամակը Հաճի Մարկոս աղայի վրա ավելի ծանր ազդեցություն ըրավ, քան իր զավակներուն այն ձևով հեռանալը ոչ թե տունեն, այլ իրմե։

Իր վերջին օրերուն մեջ էր, երբ Աղավնիի մայրը ելավ եկավ Հաճի Մարկոս աղայի մոտ, մոռնալով սուրբի նման անցյալը իր բոլոր խայտառակություններով և պատրաստակամություն հայտնեց խնամելու զինքը։

Աղավնիի մորը խորհուրդ տված էին չերթալ, որովհետև խորհուրդ տվողները համոզված էին, որ Հաճի Մարկոս աղան պիտի մերժեր իր ծառայելու տրամադիր ըլլալը, սակայն անիկա շատ սիրալիր ընդունեց իր խնամին, բայց ըսավ.

— Խնամի՛, քեզի նեղություն կըլլա, այսպես եկեր ենք, այսպես ալ կերթանք։

— Չէ՛, Հաճի աղա, Աննա խաթունին պարտականությունը կուզեմ ես կատարել,— պատասխանեց Աղավնիի մայրը։

Հաճի Մարկոս բավական ճգնեցավ անոր բարության տակ չիյնալ, բայց իր խնամին պնդեց։

Ամեն առավոտ Աղավնիի մայրը կուգար Հաճի աղայի