Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թեփուկավորման առանձնահատկություններով:

Սնվում է մանր հոդվածոտանիներով և փափկամարմիններով: Կուսածին է, հունիսի վերջ-հուլիսի սկզբին էգը 1-2 անգամ դնում է 2-5 ձու (11-7,5 մմ) Ձագերը ծնվում են հուլիսի վերջ-օգոստոսի սկզբին:

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՏԱՓԱՍՏԱՆԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԳԼՈՒԽ ԻԺ (Vipera eriwanensis), տափաստանային իժ, էրիվանյան իժ, իժերի ընտանիքի իժերի ենթաընտանիքի օձ: Տարբեր հետագոտողների կողից դասվում է Vipera, Pelias կամ Acridophaga ցեղին կամ ենթացեղերին:

ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարգերի բարձրլեռնային գոտիներում: Տարածված է համեմատաբար ցուրտ ու խոնավ լեռնատափաստանային, տափաստանամարգագետնային և խոնավասեր նոսրանտառային բուսականությամբ քարքարոտ կենսավայրերում:

Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (13-48 սմ), պոչը 6-8 անգամ կարճ է: Էգերը խոշոր են արուներից: Մարմինը հաստ է: Գլուխը տարանջատված է մարմնից և ծածկված է հարթ վահանիկներով: Աչքերը խոշոր են՝ դեղնավուն ծիածանաթաղանթով, բիբն էլիպսաձև է՝ ուղղահայաց: Աչքերից դեպի հետ՝ մինչև պարանոցը, ձգվում են մուգ գոլեր: Գլխի ճակատային վահանիկի վրա առկա է լայնակի ձգված, հաճախ կաթիլանման մուգ խալ: Մուգ խալեր կան նաև վարդագույն կամ գորշ շրթնային վահանիկների վրա: Մարմնի թեփուկները կատարավոր են, անփայլ: Մեջքը մոխրագույն է, բաց գորշավուն կամ կանաչավուն: Ծոծրակից մինչև պոչի ծայրը ձգվում է մուգ գորշավունից գրեթե սև, ոչ շատ լայն զիգզագանման նախշ: Մուգ խալերի զույգ շարքեր կան նաև մարմնի կողմնային մակերեսներին: Որովայնային մակերեսը մոխրագույն է կամ վարդագույն՝ բազմաթիվ սև ու սպիտակ բծերով ու կետիկներով, որոնց խտության հաշվին կարող է ընդունել մոխրագույնից գրեթե սև գունավորում՝ բազմաթիվ բաց գույնի հատվածներով:

Սնվում է մանր հոդվածոտանիներով (մորեխներ, ծղրիդներ) և մանր ողնաշարավորներով (մողեսներ ու մանր կրծողներ): Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան կեսերը: Զուգավորումը տեղի է ունենում մայիսին:

Օգոստոսի վերջ-սեպտեմբերի վերջին էգը ծնում է 3-8 ձագ: Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներին ու կրծողներին: Օգտագործվում է գիտ. հետազոտություններում: Կծածը մարդու համար շատ ցավոտ է, սակայն մահացու դեպքեր հայտնի չեն:

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄՐԱԿՆ (Rutilus rutilus schelkovnikovi), ծածանաձկների ընտանիքի ձուկ: Հայաստանում Արարատյան դաշտի բնաշխարհիկ տեսակներից է: Ունի շատ սահմանափակ տարածում: Հանդիպում է հիմնականում Մեծամոր գետում, նրան հարող ջրանցքներում և Հրազդան գետի ստորին հոսանքում:

Մարմինը կողքերից սեղմված է, երկար.՝ 12-15 (երբեմն՝ մինչև 25) սմ, զանգվածը՝ մինչև 250 գ և ավելի: Թեփուկները խոշոր են, կողագծում՝ 39-43 հատ: Մեջքային լողակում և հետնալողակում կան 12-13-ական ճառագայթներ: Գլանային ատամները միաշարք են: Բերանը կիսաստորին է: Վերին ծնոտը մի փոքր երկար է ստորինից: Պոչային լողակը մկրատաձև է: Մեջքը և գլխի վերին մասը մոխրագույն կամ դարչնագույն են՝ կապտականաչավուն նրբերանգով: Կողքերը արծաթագույն են, փորիկը՝ արծաթասպիտակ: Մեջքային և պոչայիև լողակները մոխրագույն են: Կրծքային, փորային լողակները և հետնալողակը մոխրագույն, նարնջագույն են, իսկ երիտասարդներինը՝ նաև մարմնագույն: Աչքի ծիածանաթաղանթը դեղնաարծաթավուն է, երբեմն՝ կարմրավուն:

Սեռահասուն է դառնում 2 տարեկանում: Սեռ. երկձևությունը հստակ արտահայտվում է միայն բազմացման շրջանում, երբ արուների մարմինը պատվում է մաշկային «մարգարտյա» ցանով: Բազմացումը կատարվում է արտեզյան աղբյուրների ակունքներում՝ հունվար-մարտին: Բեղունությունը հասնում է 3,5-6 հզ. ձկնկիթի, որը դեղնավուն կամ բաց նարնջագույն է: Մանրաձկները կյանքի 1-ին շրջանում մեծաքանակ խմբերով բնակվում են առափնյա բուսուտներում, նաև՝ մանրաձկների այլ տեսակների հետ: Կազմում է մեծ վտառներ: Երիտասարդները սովորաբար հանդիպում են գետերի և ջրանցքների առափնյա մասերում, իսկ հասունները՝ ավելի խոր տեղամասերում:

Սնվում է տարբեր անողնաշարավորներով (ջրալվեր, ջրային իշուկներ, փափկամարմիններ, միջատներ, թրթուրներ և այլն), նաև բույսերով ու դետրիտով:

Արդ. նշանակություն չունի: Կարող է ծառայել որպես սիրող, ձկնորսության օբյեկտ:

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՍԱԿՈՊՏԱԲՈՒՐԴ ՈՉԽԱՐԻ ՑԵՂ աոացվել է կոպտաբուրդ բալբաս և նրբագեղմ ու կիսանրբագեղմ ցեղերի տրամախաչումից: Հարմարված է լեռնային պայմաններին:

Խոշոր են, ունեն ամուր մարմնակազմվածք: Խոյերի միջին կենդանի զանգվածը 80-90 կգ է, մաքիներինը՝ 55-60 կգ, բրդատվությունը՝ համապատասխանաբար՝ 4-5,5 կգ և 2,5-3,5 կգ, կաթնատվությունը՝ 110-120 կգ բուրդը սպիտակ է, ծամիկային և ծամիկահյուսիկային, գլխին և ոտքերին՝ մուգ նշաններով: Պահպանում են ելակետային ցեղերի կենսբ. ու տնտ. դրական հատկանիշները:

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՌԴԵՐ, մորթատու, միջին բրդատվության ճագարների բնաշխարհիկ ցեղ: Ստացվել է