Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/700

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լում էմ, տալում էմ)։ Վաղակատարը կազմվում է էր (լսէր, գ*նացէր), հարակատարը՝ ուկ (պառկուկ, քնուկ) վերջավորությամբ։ Շրշան շարադասության մեջ օժանդակ բայը կրկնվում է (չես ուզում ես հու՛ստ ես գալում ես)։ Ա. բ. հիմք է հանդիսացել արևելահայ գրական լեզվի ձևավորման համար (տես Աշխարհաբար):

Գրկ. Աճառյան Հ., Հայ բարբառագիտություն, Մոսկվա–Նոր Նախիջևան, 1911։ Ղարիբյան Ա., Հայ բարբառագիտություն, Ե., 1953։ Ա. Ղարիբյան

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԳՈԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, միջլեռնային գոգավորություն Արաքսի ավագանի միջին մասում։ Շրջապատված է Արագած, Գեղամա, Արարատ, Հայկական պար լեռներով։ Գրաբեն–սինկլինալային ճկվածք է՝ լցված գետալճային հզոր նստվածքներով, լավային հոսքերով ու տուֆային կուտակումներով։ Հատակը՝ Արարատյան դաշտը (բարձր. 800–1000 մ), թույլ թեքությամբ իջնում է դեպի հվ–արլ.։ Լանջերը տարբեր թեքությամբ ու մասնատվածությամբ աստիճանաբար բարձրանում են դեպի շրջակա լեռների կատարները։ Լավ է արտահայտւված լանդշաֆտների ուղղաձիգ գոտիականությանը՝ կիսաանապատից մինչև հավերժական ձյունը։ Ա. գ–յան սովետական մասը խիտ բնակեցված է։ Հ. Գաբրիելյան

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏ, Հայկական լեռնաշխարհի ընդարձակ հարթավայրերից մեկը՝ Միջին Արաքսյան գոգավորության ցածրադիր մասը (բարձրությունը 800-1000 մ)։ Ա. դ. շրջապատված է Արագած, Գեղամա, Արարատ և Հայկական պար լեռներով։ Ձգվում է հս–րմ–ից հվ–արլ, ավելի քան 200 կմ, լայնությունը 20–45 կմ է, տարածությունը՝ մոտ 6600 կմ²։ Ա. դ. միջլեռնային տեկտոնական իջվածք է։ Հիմքում հնագույն մետամորֆային ապարներ և պալեոզոյի կրաքարա-ավազաքարային շերտախմբեր են ծածկված պալեոգեն–նեոգենի ավազաքարա–կավա–մերգելային նստվածքներով, վերին շերտերում (մոտ 400 մ հզորությամբ)՝ անթրոպոգենի գետա–լճային նստվածքներով։ Մակերևույթը հարթ է, Արաքսի ձախափնյա մասում՝ թույլ զառիկող, նախալեռնային մասում՝ ալիքավոր, աջափնյա մասում լավ են արտահայտված աստիճանաձև բարձր դարավանդները։ Ա. դ–ով հոսում է Արաքս գետը՝ այն բաժանելով հս., հս–արլ. և հվ., հվ–արմ. (այժմ՝ Թուրքիայում և Իրանում) հատվածների։ Ռելիեֆի կարևոր տարրերից են մնացորդա–էրոզիոն (Խոր Վիրապ, Սարի Պապ) և հրաբխային («Կոնդեր») բլուրները։ Ա. դ. Գայլի դրունքով բաժանվում Նախիջևանյան հարթությունից։

Ա. դ. ունի արևոտ (տարեկան արևափայլքը՝ 2700 ժ), չոր ցամաքային կլիմա տևական (4–5 ամիս) շոգ ամառով, հուլիսի միջին ջերմաստիճանը 24°C–ից 26°C է, առավելագույնը՝ 42°C (Երևան)։ Հատկանշական են ամռան տապը զովացնող լեռնային քամիները։ Ձմեռը չափավոր ցուրտ է, ամպամած, անհողմ եղանակների գերակշռությամբ։ Հունվարի միջին ջերմաստիճանը -4°C–ից -6°C է, նվազագույնի –33°C (Հոկտեմբերյան)։ Հաստատուն ձյունածածկույթ գոյանում է ոչ ամեն տարի։ Գարունը կարճատև է (50–60 օր), Փոփոխական, աշունը՝ տևական, տաք, արևոտ եղանակներով։ Ա. դ–ում անսառնամանիք օրերի թիվը 200-ից ավելի է, իսկ 0°C–ից բարձր ջերմաստիճանների գումարը՝ ավելի քան 5000°, տարեկան տեղումները՝ 200–350 մմ։ Բարձր գոլորշունակության (մոտ 1000 մմ) պատճառով խոնավության հաշվեկշիռը բացասական է։ Ա. դ. աղքատ է մակերևութային հոսքով։ Գետերը՝ Արաքսն իր վտակներով (Քասաղ, Հրազդան, Ազատ, Վեդի), տարանցիկ են, բացի Սևջրից (Մեծամոր), բուռն հորդանում են ուշ գարնանը և վաղ ամռանը՝ հաճախ փոխելով իրենց հունը (հատկապես՝ Արաքսը)։ Շատ են սելավները (Մաստարա, Չորասու, Գետառ)։ Ամռանը գետերի մի մասը բոլորովին ցամաքում է։ Ա. դ–ի բնական հողածածկույթում գերակշռում են հումուսով աղքատ գորշահողերը՝ կրի և գիպսի զգալի պարունակությամբ, կան նաև ալկալի և աղուտային հողեր (ավելի քան 30000 հա)։ Ցածրադիր, տափարակ ողողատներում առաջացել են ճահճուտներ և գերխոնավ հողեր։ Հազարամյակների ընթացքում ջրովի երկրագործության պայմաններում Ա. դ–ում ձևավորվել են կուլտուր–ոռոգելի հողեր՝ նպաստավոր ֆիզիկական հատկություններով և հարուստ սննդարար նյութերով։ Գորշահողեր և աղուտներ մնացել են միայն անջրդի մասերում։ Բուսածածկույթն աղքատ է, տիրապետում են կիսաանապատային չորասեր տեսակները՝ բուրավետ օշինդրի գերակշռությամբ, կան նաև աղասեր տեսակներ՝ անապատային բուսականության կղզյակներ՝ աղասեր, իսկ ցածրադիր մասերում՝ ջրա–աղասեր բուսականությամբ։ Ա. դ–ում Արաքսի և Սևջրի ափերը ծածկված են եղեգնուտներով։ Կենդանիներից տարածված են սողունները (օձերից՝ գյուրզան, եղջերավոր իժը, տափաստանային վիշապը, շահմարը ևն), շատ են մողեսները (թաքիրային կլորագլուխը, կովկասյան ագաման), միջատները (մորեխազզիներ, ուտիճներ, մրջյուններ, կարիճներ ևն)։ Հնում միջատների մի տեսակից ստացվում էր հայտնի «որդան կարմիր» ներկը։ Այդ արժեքավոր միջատը ներկայումս հայտնաբերվել է էջմիածնի, Մասիսի, Հոկտեմբերյանի, Արարատի շրջանների աղուտներում՝ մոտ 4000 հա տարածության վրա։ Կաթնասուններից տարածված են վայրի խոզը, եղեգնուտի կատուն, ջրասամույրը ևն։ Այղր լճում բազմացվում են կուղբ, ձուկ։

Ա. դ–ի բնական լանդշաֆտը կիսաանապատային է՝ անապատային տեղամասերով։ Մարդու գործունեության շնորհիվ Ա. դ–ի տարածքի մեծ մասում առաջացել են կուլտուրական լանդշաֆտներ, ծածկված խաղողի և մրգատու այգիներով, բանջարա–բոստանային կուլտուրաների դաշտերով։ Ա. դ–ում մշակում են նաև եթերայուղատու, տեխնիկական բույսեր։ Եթերայուղատուներից արժեքավոր են խորդենին (ՍՍՀՄ աճեցվող խորդենու 80% բաժին է ընկնում Ա. դ–ին), վարդենին ևն։ Դաշտը ոռոգվում է Հոկտեմբերյանի, Արտաշատի, էջմիածնի, Նորքի, Ստորին Հրազդանի, Թալինի ևն ջրանցքներով։ Սովետական իշխանության տարիներին յուրացվել են խոպան հողերը։ Այժմ քիմիական մելիորացիայի միջոցով իրացվում են նաև աղուտները։ Ա. դ–ում ստեղծվել են տասնյակ նոր բնակավայրեր։ Օգտակար հանածոներից կան կերակրի աղ, տրավերտիններ, ֆոսֆորիտներ, կրաքարեր, մարմարներ, շինարարական քարեր, ավազներ։ Հարուստ է հանքային ջրերով։ Առկա են նավթագազաբերության հուսատու նշաններ։ Ա. դ-ում է գտնվում երևանյան քաղցրահամ ջրի արտեզյան ավազանը՝ մոտ 30 մլրդ. մ³ պաշարով։

Ա. դ. Հայկական լեռնաշխարհի ամենախիտ բնակեցված շրջանն է՝ Երևան, էջմիածին, Արտաշատ, Հոկտեմբերյան, Արարատ քաղաքներով։ Ա. դ. ունի զարգացած արդյունաբերություն՝ սննդի, մեքենաշինական, քիմիական, թեթև ևն, հատկապես զարգացել է գյուղատնտեսական հումքը վերամշակող արդյունաբերությունը։ Այստեղ է ձևավորվել հանրապետության ամենահզոր՝ Երևանյան արդյունաբերական հանգույցը։ Ա. դ–ում է կառուցվում հանրապետության էներգետիկայի հսկան՝ ատոմային էլեկտրակայանը։ Օգտակար հանածոներից արդյունահանվում են կերակրի աղ, մարմարներ, շինարարական քարեր ու ավազներ։ Նախատեսվում է օգտագործել հանքային ջրերը։ Բարենպաստ բնակլիմայական պայմանները և ոռոգման ցանցը հնարավորություն են տալիս մշակելու խաղողի և ջերմասեր պտուղների (ծիրան, դեղձ, սերկեվիլ ևն) բարձրորակ տեսակներ ու բազմազան բանջարեղեն, որոնք օգտագործվում են ոչ միայն թարմ վիճակում, այլև որպես հումք՝ պահածոների ու մուրաբաների արտադրության համար։ Ա. դ–ի խաղողները հումք են հանդիսանում բարձրորակ հայկական կոնյակների արտադրության համար։ Եթերայուղատու կուլտուրաներից մշակում են խորդենի և վարդ։

Ա. դ. հանդիսացել է հայ պետականության օրրանը, երկրի տնտեսական և քաղաքական հզորության կենտրոնը։ Ուրարտուի թագավոր Արգիշտի Ա (մ. թ. ա. 786–764) տիրեց Ա. դ–ին՝ հիմնելով էրեբունին (տես Արին–բերդ)։ Մ. թ. ա. VI դ. սկզբներից Ա. դ. մտել է հնագույն հայկական թագավորության՝ Երվանդունիների պետության կազմի մեջ, իսկ 520-ից հետո նվաճվել է Իրանի Դարեհ Ա Վշտասպյան թագավորի կողմից և մտել Իրանի 18-րդ սատրապության կազմի մեջ։ Մ. թ. ա. 330-ական թթ. Ա. դ–ին վերստին տիրել են Երվանդունիները, իսկ մ. թ. ա. 189-ից՝ Արտաշեսյանները։ 66-ից հետո Ա. դ. մտել է Հայոց Արշակունի թագավորության կազմի մեջ։ VIII դ. սկզբից Ա. դ–ին տիրել է արաբական խալիֆայությունը, և Ա. դ. մտել է Արմինիա վարչական միավորի մեջ, իսկ IX դարի վերջերից Ա. դ. մտել է Բագրատունիների Հայոց թագավորության կազմի մեջ։ XI դ. Ա. դ. նվաճել են սելջուկները, իսկ XIII դ. մոնղոլ–թաթարները։ 1502-ից Ա. դ. մտել է Սեֆևյան Պարսկաստանի կազմի մեջ՝ հարակից շրջանների հետ դառնալով առանձին կուսակալություն (խանություն) Երևան կենտրոնով։ 1827-ի ապրիլից ռուսական զորքերը մտան Ա. դ. և հայերի համագործակցությամբ գրավեցին Երևանի խանությունը՝ հերոսաբար մարտըն–