Էջ:Հայկական հարցն ու իր լուծումը 10.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մինչդեռ մեր աշխարհքում հետզհետե մեծանում էր մեզ ու ռուսին իրարից բաժանող տարածությունը, պաղում էին հին լավ հարաբերությունները, ստեղծվում էին նոր հարաբերություններ անպայման վնասաբեր երկու կողմի համար էլ, թե մեծի թե փոքրի, թե ռուսի թե հայի։

Եվ ահա վրա հասան 1894―96 թթ. կոտորածները, երբ Կովկասում հայ-ռուսական հարաբերությունների պաղությունը հասել էին գալիցինյան ռեժիմին և Վելիչկոյի հրապարակախոսությանը, իսկ Անգլիայում մեր բարեկամությունն և հոգատարությունը հասել էր իր գագաթնակետին Գլադստոնի ճառերում․․․

Եվ ի՞նչ․․․

Վերջ ի վերջո դուրս եկավ, որ Գալիցինը գոնե տաճկական սրից ազատված 40 հազար հայ գաղթական ընդունեց Կովկաս, իսկ հայկական հարցի ու հույսերի տերը― Անգլիան հայ ժողովրդի սարսափին ու աղերսախառն դիմումին տվեց հայտնի պատասխանը― «Մեր նավերը չեն կարող լողալ հայոց լեռների գագաթներին»։

Մինչդեռ աշխարհքին հայտնի է, որ սուլթան Աբդուլ Համիդը նստում էր ոչ թե հայոց լեռների գագաթներին, այլ Բոսֆորի ջրերի ափերին, ուր միշտ կանգնում են անգլիական նավերը։

Էսպես է եղել Անգլիան մինչև վերջին տարիներս։

Իսկ Ֆրանսիա՞ն։

Տասնվեցերորդ դարից սկսած սուլթանի հետ կապած պայմանագրերով ձեռք բերելով Թյուրքիայում բացառիկ դեր ու դիրք, Ֆրանսիան դարձավ Արևելքում պաշտպանը եվրոպական քրիստոնյաների, որոնք նույնիսկ ֆրանկ կոչվեցան անխտիր, եղան Թյուրքիայում արտոնյալ ու ազատ բնակիչներ, լցվեցին ծովեզրյա քաղաքները և միշտ, մինչև Պոլսի վերջին ջարդը, իրենց լուսամուտներից տեսան հայերի կոտորածը։ Եվ հայերը երբեք չնկատվեցին քրիստոնյա ու չտեսան Արևելքում քրիստոնեության մեծ հովանավորի հովանին, որովհետև տաճկահպատակ էին ու ռայա։

Եվ հենց Փարիզում էր (1856 թվին), Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի նախագահությամբ եղած վեհաժողովում,