Էջ:Հայկական հարցն ու իր լուծումը 13.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դարձյալ հայկական հարցը Ռուսաստանի պաշտպանությանն ապավինած և Ռուսաստանի հետ։

Դարձյալ ռուսական մամուլն է արծարծում հայկական հարցը, և դարձյալ ռուսական զորքն է կանգնած էն դժոխք երկրի սահմանի վրա, ուր դարձյալ կոտորածի սարսափի տակ ալեկոծվում է հայ ժողովուրդը։

Էս 35 տարվա ընթացքում ծանր տպավորությունների տակ ծնվել ու մեծացել է մի սերունդ, որ շատ հասկանալի հոգեբանական ու իրական պատճառներով թերահավատ է տակավին, բայց էն մարդիկ, որոնք լավ գիտեն, թե կարճատև ու անցողական են ամեն վատ մարդիկ ու վատություններ, էն մարդիկ, որ անսասան հավատում են լավ գաղափարների աստիճանական, բայց հաստատուն զարգացումին ու հաղթանակներին, ինչպես անհատների մարդասիրությանը, էնպես էլ ազգերի առաջադիմությանն ու ազնվացումին, էն մարդիկ, որ պարզ աչքով տեսնում են պատմական ու իրական էն հիմունքները, որ ապահովում են ազգերի լավ հարաբերությունները,― պետք է հավատան լավ օրերին ու լավ հարաբերություններին և պետք է ակնկալեն հայի համար մի մարդավայել ազգային վիճակ ու մի ցանկալի ապագա, որի մեջ Ռուսաստանն ունեցել է ու կունենա վճռական ազդեցություն։