Էջ:Յըլդըզ 12.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



— Հենց առաջին օրը ինձ շատ սիրեց,— պատասխանում էր Արմենակը։

— Անասունները մարդու կաթը կը ճանչնան,— եզրակացնում էր Աննա Քորոն։


Է

Ամիսներ անցան։

Եղավ մի տարի։

Եղավ երկու տարի։

Ցըլդըզի համբավը գնալով աճեց, նրա շուրջ ստեղծված զրույցները ավելի գունավորվեցին և բազմացան։

Քաղաքում լույս ընկավ սրիկաների մի խումբ, որ սկսեց Յըլդըզը գողանալու միջոցներ որոնել։ Այդ խումբը կազմված էր ուրիշ քաղաքից եկած ձիու մի սիրահարի ջանքերով։ Լսել էր նա Յըլդըզի համբավը, գոտին ամբողջ լցրել էր փողով և եկել էր Արմենակի ձին հափշտակելու։

— Ծո՛, էդ փուշտը[1], ո՞վ է, որ իմ ձիես աղեկը պիտի ունենա,— հայտարարել էր այդ սրիկան։

Տեղացիներից միացել էին նրան այն մի քանի երիտասարդները, որոնց նշանածները, Արմենակին սիրահարված լինելով՝ լքել էին նրանց։

Արմենակը, կռահելով այս խմբի գոյությունը, իր անկողինը փոխադրել էր ախոռը և գիշերները այնտեղ էր քնում։ Ախոռի մի կողմում՝ ձի և թրիք, մյուս կողմում՝ մաքուր սպիտակեղենով մի անկողին, Արմենակի քույրերի սքանչելի ձեռագործներով պատած։

Արմենակի ախոռ փոխադրվելուց հետո Ուստա Օվանեսը ինքը անձամբ ախոռի համար կրկնակ լուսամուտներ շինեց և երկաթյա ճաղերով պատեց, դռան ետևն էլ երկաթներով ամրացրեց, մինչև անգամ առաստաղը քանդեց, կրկնակ սյուներ դրավ և նորից ծածկեց։

— Դե՛ հիմա ճիվերս[2] կը փախցնեն,— ասաց Ուստա Օվանեսը աշխատանքը վերջացնելուց հետո։

Արդեն եկել հասել էր այն ժամը, երբ Ուստա Օվանեսը և

  1. փուշտ— սրիկա
  2. ոտներ