Էջ:Ներման աղոթքը 02.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամաց-կամաց կը բարձրանայի և կեդրոնի մոմն ալ կը կպցնեի։

— Մայրի՛կ, մայրի՜կ, վեր եկուր։

— Սո՜ւս, սուս, վա՛ր իջիր։

Ես կիջնայի վար։ Մայրս արտորանոք վերնատուն կերթար, որպեսզի տերտերը չտեսներ, թե ինք դասն էր եկեր։ Երբ տուն երթալե ետք պատճառը կը հարցնեի տաճարը չելլելուն՝ ըսավ.

— Գառնուկս, կնիկներուն համար մեղք է խորան ելլելը։

Չէի հասկնար հիմակվան պես Եվայի պատմության նշանակությունը։

Ճրագալույծ գիշեր մը զիս բարձրացուցին վերնատուն։ Այդ սրբազան լռության և մութին մեջ մենակ ես էի, որ վերնատունը կանգնած, սպիտակ շապիկ հագած, դալկահար մոմ մը կը բռնեի ձեռքիս մեջ։

— Քրիստոս հարյավ ի մեռելոց…— իմ երգս բոլորը ծունկի բերել տվավ։

Վերջեն լսեցի, որ մայրս կարտասվե եղեր, իհարկե հորս համար, որ իր ամենապզտիկ մանկան երգը չէր լսած։


Բ

Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս-կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։

Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։

Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ-երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։

Տրտում, շատ տրտում էի․․․

Ուզեցի Զարուին վերջին շնորհք մը ընել և գողացա այդ խնձորները։

Բռնեցի Զարուին, քաշեցի, բերի մեր պարտեզը, տարի վարդի թուփերուն ետին, գլտորելով եկավ ետևես, երնջի այդ