Էջ:Պարույր 25.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ձեզ անշուշտ հայտնի պետք է լինի մեր Տրդատ հզոր արքայի բարեկամական հարաբերությունները Հռովմի այժմյան կայսրի հոր՝ Կոստանդիանոս մեծի հետ։ Ձեզ հայտնի պետք է լինի և «Դաշանց թուղթը», որ գրվեցավ և կնքվեցավ այդ երկու ինքնակալների մեջ, իբրև պայման փոխադարձ սիրո և օգնականության, որը պետք է մնար անխախտ սերունդից սերունդ։ Այդ դաշնադրութրւնը պահպանվեցավ Տրդատի ամբողջ կենդանության ժամանակ և Հայաստանը մի ամուր պատնեշ դարձավ պարսիկների դեմ, թույլ չտալով նրանց հարձակվել Հռովմեական Կայսրության սահմանների վրա։

Տրդատը ահարկու սուր էր մեր հայրենիքի թշնամիների դեմ, և իր թագավորության բոլոր ժամանակը սարսափի մեջ էր պահում ամբողջ Պարսկաստանը և նրանց Շապուհ թագավորին։ Նա մեռավ և մեր աշխարհը անմխիթար սուգի մեջ թողեց։

Հայաստանը այժմ ալեկոծվում է անիշխանության մեջ։ Նախարարների մեջ տիրում է երկպառակություն և ներքին պատերազմ։ Սանատրուկը ինքնագլուխ թագավոր է դարձել Փայտակարանում։ Նախարարներից ոմանք, նրա օրինակին հետևելով, յուրաքանչյուրը ձգտում է իր իշխանության թագավորը լինել։ Աղձնյաց Բակուր բդեշխը ապստամբված է հայոց նախարարների միաբանությունից և նույն նպատակին է հետևում։ Թշնամին օգուտ քաղելով ներքին խռովությունից, ամեն կողմից նեղում է մեզ։ Շապուհը, հին վրեժխնդրության ծարավը հագեցնելու համար, կատաղի գազանի նման, մեր երկիրը ավերակ է դարձնում։ Հայաստանի գահը թափուր է մնացած իր հարազատ արքայից։ Մի մեծ, մի գլխավոր չկա, որ ի մի հավաքե բոլոր անջատված ուժերը և ընդհանուր զորությամբ դեմ դնե թշնամուն։ Հայաստանը քայքայման վիճակի մեջ է։ Ձեր մի խոսքը բավական է մեր աշխարհը օրհասական վտանգից ազատելու համար։ Ի սեր ազգի, ի սեր հայրենիքի, բարեխոսեցեք կայսրի մոտ, հիշեցրեք նրան մեր հին դաշնադրությունը, և նրա օգնությունը խնդրեցեք՝ Տրդատի որդի Խոսրովին հոր տեղը թագավոր դնելու։ Դրանով դուք կատարած կլինեք ձեր սուրբ պարտավորությունը դեպի ձեր անբախտ հայրենիքը և դեպի այն ազգը, որ պարծենում է ձեզանով և իրան մեծ պատիվ է համարում ձեզ իր որդի կոչելու։

Բացի այդ նամակից, առանձին թուղթ գրվեցավ մեր և նախարարների կողմից կայսրին մատուցանելու համար, և արքայավայել ընծաներով ուղարկվեցավ տեղդ՝ Ծոփաց Մար իշխանի և