Էջ:Ջալալեդդին09.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թիկունքի վրա ձգած ահագին երկաթյա վահանը և երկայն նիզակը կազմում էին, կարծես, նրա մարմնի մի-մի անդամները։

Նա գնում էր, և երբեմն կանգ առնելով, լի մտախոհությամբ նայում էր իր շուրջը։ Լեռների կանաչազարդ պատկերները չէին, որ գրավում էին նրան․ նա գեղասեր ճաշակ և բնության հրապուրանքը զգալու ընդունակություն չուներ։ Բայց նա զարմանում էր, տեսնելով, որ իր ծանոթ լեռները բոլորովին դատարկ էին։ Տասն օր հազիվ կլիներ, որ նա մի անգամ ևս անցել էր նույն ճանապարհով, այն ժամանակ այսպես չէր, այն ժամանակ բոլորովին ուրիշ տպավորություն էին գործում այն գեղեցիկ լեռները։— Խոտավետ արոտներում արածում էին ոչխարների հոտեր, ձորերի մեջ կազմված էին խաշնարած հայերի վրաններ, և հովիվների սրինգը հեռվից հնչվում էր թռչունների առավոտյան ձայների հետ։ Այն ժամանակ հովիտների և լեռնադաշտերի վրա հողագործ հայը, իր սովորական երգը երգելով, վարում էր և կամ հնձում էր։ Մի խոսքով, մարդը բնության հետ միանալով անընդհատ քաղցր աշխատության մեջ էին։ Իսկ այժմ։ — Այժմ ամեն գործ դադարել էր. ոչ մի հոգի և ոչ մի շունչ չէր երևում. նույնիսկ ճանապարհը, որով գնում էր նա, թափուր էր մնացած հաճախ անցուդարձ անող քարավաններից։ Ի՞նչ էր պատճառը։ Կարծես մի չար և ոչնչացնող ձեռք անցել էր այն ընդարձակ տարածության վրայով, իր հետքից թողնելով ավերակներ և ամայություն…։

Երիտասարդը զգաց սարսուռի նման մի բան, և նրա արևից այրված գորշ դեմքը գունաթափվելով, ստացավ մուգ դեղնապղնձի գույն։ Երկյուղը չէր, որ այնպես վրդովեց նրան, երկյուղ ասած բանը ծանոթ չէր նրա երկաթի սրտին։ Բայց նրա մեջ վառվեց մի կիրք, որ ավելի նման էր կատաղի բարկության։

Ճանապարհը այժմ ոլոր-մոլոր պտույտներով բարձրանում էր դեպի սարի զառիվերը. գագաթից երևացին նրան նիզակների սուր-սուր ծայրեր, և փոքր ինչ ցած իջնելով, տեսավ, որ իր առջևը գնում էին մի խումբ ձիավորներ։ Երևի, ձիավորներն նույնպես տեսան նրան, որովհետև կանգնեցին, մինչև կհասներ մենավոր ճանապարհորդը։ Բայց դեռ մեջտեղում բավական տարածություն կար։

Երիտասարդի ուշադրությունը գրավեց մի բան. նա նկատեց, որ ձիավորները քրդեր էին, նրանք երգում էին և ուրախ էին, որպես կռվողներ, որ վերադառնում էին հաղթանակով։ Նրա աչքերը