Էջ:Ջալալեդդին12.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քրդերից մեկը հանեց իր ձիու թամբին կապած խուրջինից մի կտոր հաց և պանիր, տվեց նրան ասելով.

― Կե՛ր, դու ասացիր, որ քաղցած ես, մինչև Բաշ-Կալա դեռ շատ պիտի գնաս։

Տղամարդը շնորհակալություն հայտնեց։ Ավազակների խումբը հեռացավ։

Այժմ նա հասկացավ այն ամայության պատճառը, որ քանի րոպե առաջ վրդովում էր նրան. այժմ նա գիտեր, թե ինչ էր պատահել իր անցած երկրների վրա։

Քրդից ստացած կերակուրը նա մի կողմ ձգեց և շարունակեց գնալ։ Իրավ որ, նա քաղցած էր, ամբողջ օրը ոչինչ չէր կերել, բայց քաղց չէր զգում։ Լինում են րոպեներ, որ մարդ կերակրվում է իր սիրտը մաշելով և սպառելով.— երիտասարդը այդ դրության մեջ էր։


Գ

Արևը մտնելու մոտ էր, երբ մեր հոգնած ճանապարհորդը հասավ մի տեղ, ուր ճանապարհը ճյուղավորվում էր. աջ ճյուղը տանում էր դեպի Բաշ-Կալա, իսկ ձախը դեպի Բարդուղիմեոս առաքյալի վանքը։ Նա ընտրեց վերջինը։

Արևի վերջալույսը ոչ մի ժամանակ այնպես գեղեցիկ չէր զարդարել ամպերը, որպես այն երեկո. և լեռնային օդը իր փափուկ թարմությամբ ոչ մի ժամանակ այնքան կազդուրիչ չէր եղել, որպես այն գիշեր։ Բայց երիտասարդը ոչինչ չէր զգում, որովհետև իր սրտի և արտաքին աշխարհի մեջ ամենևին առնչություն չկար։ Նա շարունակում էր գնալ, ինքն իր մեջ կենտրոնացած. և մի աներևույթ զորություն մղում էր նրան առաջ…։

Մութը սկսել էր փոքր առ փոքր թանձրանալ և գիշերային աստղերը վառվում էին հիանալի զվարթությամբ։ Օդը անշարժ և խաղաղ էր։ Այդ այն ժամն էր, երբ նույն լեռների վրա սովորաբար լսելի էին լինում արոտից դարձող ոչխարների բառաչմունքը, որոնց խուլ արձագանքը զարթեցնում է այնքան գեղեցիկ հիշողություններ հովվական կյանքից։ Իսկ այն գիշեր ոչինչ չէր լսվում. ամեն տեղ տիրում էր մեռելային անդորրությունը։