Էջ:Ջալալեդդին18.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իր ճանապարհի վրա շատ անգամ հանդիպում էին այնպիսի ծխացող ավերակներ, շատ անգամ երևում էին նրան մոխիր դարձած գյուղեր և շատ անգամ նա տեսնում էր՝ կամ բոլորովին անշնչացած, կամ իրանց տաք արյան մեջ թավալվող դիակներ,— և այդ բոլորը նրա վրա միայն րոպեական ազդեցություն էր անում։

Արշալույսը այժմ սկսել էր ավելի պայծառ բոցավառվել և արևի կարմիր-ծիրանագույն շառավիղները դեռ նոր ցոլանում էին ձյունի պես սպիտակ ամպերի վրա, տալով նրանց քրքումի գույն։ Բայց ձորերի մեջ տակավին լույս չկար։ Երիտասարդը դեռ շարունակում էր իր ճանապարհը զարտուղի շավիղներով։ Սարի այծը միայն կարող էր անցնել այն սարսափելի ելևէջները, այն նեղ կիրճերը և այն ժայռոտ գահավեժները, որոնց միջով գնում էր նա։ Նա դիմում էր ուղղակի դեպի Երեսան գյուղը։ Վերջապես հասավ այնտեղ։ Կրակը և սուրը ոչնչացրել էր թե՛ մարդ և թե՛ բնակություն։ Այստեղ նա երկար շրջում էր ընկած դիակների մեջ, և կարծես մի բան որոնում էր նրանց մեջ։ Հետո նա կանգ առեց մի ծխացող խրճիթի առջև, խորին լռությամբ նայում էր նրա վրա։ Այս տնակի մեջ անցել էր նրա մանկությունը, այստեղ էին բնակվում նրա ծնողքը, քույրերը և եղբայրները, որոնք այժմ չկային…։ Այս ցավալի տեսարանը քամեց նրա աչքերից մի քանի կաթիլ արտասուք, որոնք գլորվեցան գունաթափ երեսի վրա։

Արտասուքը մի զարմանալի արտահայտություն է հոգեկան կրքերի։ Որպես տխրությունը, նույնպես և ուրախությունը արտասուք ունեն։ Բայց սարսափելի է լինում այն արտասուքը, որ դուրս է ցայտում բարկությունից,— երիտասարդինը այդ տեսակիցն էր։ Այդ տեսակ արտասուքը նման է երկնքի արտասուքին, որ խառն է լինում մրրիկի որոտման և կայծակների հետ…

Նա նկատեց այրվող խրճիթի մոտ մի քանի իրեղեններ, որոնց, գուցե ավարառուն անձեռնհաս լինելով, թողել էր այնտեղ։ Իրեղենները բոլորը ծանոթ էին նրան։ Ահա այն գորգի վրա շատ անգամ նստում էր իր ծերունի հայրը․․․։ Ահա այն վերմակի տակ շատ անգամ քնել էր ինքը…։ Ահա այն տաշտի մեջ խմոր էր հունցում իր մայրը…։ Ահա այն մեծ թասը, որի մեջ իր քույրը կթում էր ոչխարները…։ Մի խոսքով նրանց ամեն մեկը զարթեցնում էր իր մեջ հին-հին հիշատակներ։ Նա մոտեցավ և սկսեց մին-մին վեր առնել և ձգել խրճիթի այրվող կրակի մեջ, կարծես, նրա բոցերը սաստկացնելու մտքով։