Էջ:Ջալալեդդին22.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երիտասարդը լռեց և փոքր ինչ շունչ առնելուց հետո դարձյալ շարունակեց.

— Տեսնում ես, հա՛յր, դու էլ բարի մարդ էիր, գառան պես խոնարհ էիր դու, բայց քո բարությունը քեզ չօգնեց։ Եվ այդ քահանաները, որ բարձրացած են ձողերի գլխին, և այդ դիակները, որ ընկած են նրա շուրջը,— բոլորն էլ բարի մարդիկ էին. ես ճանաչում եմ նրանց։ Բայց չարի առջև ընկան, բարությունը չօգնեց նրանց…։ Չարի հետ պետք է չար լինել, բարիի հետ բարի․ այս է պահանջում անարդար մարդկությունը…։

— Մի՛ տանջիր ինձ, որդի. թո՛ղ հանգիստ մեռնի անբաղտ հայրդ,— ասաց ծերունին նվազած ձայնով։ Քո լեզուն ավելի խոր է խոցում իմ վերքը, քան քուրդի նիզակը…։

— Ո՛չ, դու հանգիստ մեռնել չե՜ս կարող։ Նա չէ կարող հանգիստ մեռնել, որ հանգիստ չէ ապրել։ Հանգստությունը մեզ համար չէ, ո՛չ մեր խրճիթներում, և ո՛չ գերեզմանի խորքում…։

— Դու գնացի՞ր, տեսա՞ր մեր խրճիթը,— հարցրեց հայրը։

— Տեսա, այրվում էր նա։

— Իսկ մա՞յրդ… քույրե՞րդ… եղբա՞յրդ…։

— Ոչ ոք չկար․ գյուղումը միայն դիակներ գտա։

— Եվ չշտապեցի՜ր մի օր առաջ ձեռք հասցնել անօգնական հորը և ազատել նրա ընտանիքը։

— Ես դրա վրա չէի մտածում, թեև գիտեի, որ այս երկիրը այս օրերում կրակի և սրի կերակուր պիտի դառնա։ Եվ ի՜նչ կարող էի անել ես․ մի ձեռքը բյուրավոր ձեռքերի դեմ ոչինչ անել չէ կարող։— Եվ ո՞վ կարող է օգնել մի ժողովրդի, որ ինքն իր ձեռքովն է սրում թշնամու սուրը։ Ավելի քան բռնակալը, մենք ինքներս մեզ համար պատրաստեցինք ստրկության շղթաները… նրանց դարբնեցին մեր պապերը և կաշկանդեցին զավակներին…։ Եվ թո՛ղ անի՜ծյալ լինին նրանք… որ խլեցին մեզանից ամեն մի երկաթի կտոր և մի դանակ էլ չթողեցին մեզ մոտ…։ Եվ թո՛ղ անի՜ծյալ լինին նրանք, որ խլեցին մեզնից մեր սիրտը և նրա տեղը մի կտոր մեռած միս դրեցին…։ Եվ թո՛ղ անի՜ծյալ լինին նրանք, որ սովորեցրին մեզ բարի լինել, հնազանդ լինել, համբերող լինել…։

Այսպես անագորույն որդին կարդում էր իր սարսափելի անեծքները ողորմելի հոր գլխին, այսպես նզովում էր նա պապերի