Էջ:Ջալալեդդին29.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բայց նրա օտարոտի երևույթը խիստ կասկածավոր ձև էր տալիս նրան։

— Մենք քարավանի առաջը կկտրենք, թե որ այս կողմով գնանք,— ասաց Մըստոն ցույց տալով հազիվ նկատելի շավիղը, որ միայն որսորդներին էր մատչելի։

— Բայց ես չեմ ուզում, որ նրանք տեսնեն մեզ,— ասաց Սարհատը խորհրդավոր ձայնով։

— Տեսնել չեն կարող, հազար աչք էլ ունենան տեսնել չեն կարող. այս լեռները ես ճանաչում եմ որպես իմ հինգ մատը։ Գնա՛նք։

Մըստոյի ընտրած ճանապարհը, թեև շատ դժվարին էր և անդադար սարսափելի ելևէջներով էր գնում, բայց այնքան կարճ և կտրուկ էր, որ շուտով նրանք անցան քարավանը, և անտեսանելի կերպով թաքչելով թփերի մեջ, սկսեցին հեռվից դիտել նրան։ Սարհատը մի հարևանցի հայացք ձգելով քարավանի վրա, տեսավ, որ դա քուրդ ասպատակների մի մեծ խումբ էր, որ տանում էին ավար և գերիներ։ Նա դարձավ դեպի իր ընկերը այս խոսքերով.

— Կարո՞ղ ես, Մըստո, մի կերպով մտնել այս քարավանի մեջ և իմանալ, թե գերիները ո՞րտեղից են բերում, ուր են տանում և այս գիշեր ո՞րտեղ կիջևանեն կամ իրանք քրդերը ի՞նչ ցեղից են։

— Բոլորը կարող եմ գիտենալ։

— Ի՞նչպես կմտնես նրանց մեջ։

— Ինչպես պետք է մտնել, ինձ խո չեն ուտի. կգնամ, բարև կտամ, քեֆները կհարցնեմ, հետո ես գիտեմ, թե ինչ կասեմ․․․։

— Լա՛վ, գնա՛, չուշանա՛ս։

Մըստոն սատանայի նման աներևութացավ։ Իսկ Սարհատը այժմ սկսեց ավելի հետաքրքրությամբ նայել քարավանին։ Ի՞նչ էր տեսածը։ Ձիավոր քրդերի մի բազմություն, եզների, ավանակների և սայլերի վրա բարձած, քշում էին խառնիճաղանճ քարավանը, որ տանում էր տնային կարասիք և զանազան տեսակ իրեղեններ։ Բեռների վրա կապել էին մի-մի կամ երկու-երկու կին, աղջիկ և մանկահասակ պատանիներ։ Ավարը և գերիները միասին մի բեռն էին կազմում և քշում էին առաջ ամենայն սաստկությամբ։ Նրանք տարվում էին այն անասունների վրա, որ պատկանում էին թշվառ գերիների ծնողներին։ Տերը իր անասունի վրա նստած, գերի էր գնում։ Քարավանի ընթացքը շտապեցնելու