Էջ:Ջալալեդդին37.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մըստոյի ձեռնարկությունը անպտուղ չմնաց, նշանակած ժամում Սարհատի ամբողջ խումբը պատրաստ էր Սախկալ-Թութանի մոտ։ Ինքը նույնպես հասավ այնտեղ։ Տեսնելով իր ընկերներին, նա համբուրվեցավ բոլորի հետ, ասելով.

— Ուրախ եմ, որ ամենիդ մարմնով առողջ եմ գտնում, թեև համոզված եմ, որ սրտով ձեզանից ամեն մեկը վիրավորված է, վշտացած է, տեսնելով այնքան ավերածներ և կոտորածներ, որ գործել է բարբարոս ձեռքը։ Բայց այսօր մի գեղեցիկ դեպք առիթ կտա ձեզ գործ դնել ձեր քաջությունը, և դրա համար էլ կանչեցի ձեզ։ Մենք 14 հոգով գործ պետք է ունենանք ավելի քան հիսուն հոգի վայրենի Հարտոշիների հետ։

— Մըստոն բոլորը պատմել է մեզ,— պատասխանեց քահանան, որին այժմ կոչում էին Դալի-Բաբա[1]։— Այս խաչով (նա ցույց տվեց իր սուրը) Հարտոշիների գլխին մի լավ «պահպանիչ» կկարդամ։

— Դեպքը, իրավ, գեղեցիկ է, այս կիրճի մեջ մի զվարճալի խաղ կունենանք Հարտոշիների հետ,— ասաց ոգևորված վարժապետը, որին այժմ կոչում էին Քիթաբ-Դալիսի[2]։

— Հարտոշիների հետ լավ է գործ ունենալ նեղ ծակերում, այդ անիծվածները իրանց բերաններից էլ են կրակ փչում,— ասաց սասունցի Հարոն, որին կոչում էին Սասուն Այըսը, այսինքն՝ սասունի արջ։

— Այդ դատարկախոսություններով ժամանակ ենք կորցնում, Հարտոշիները հեշտ ուտելու պատառ չեն…— նկատեց զեյթունցի Ներսոն, որին կոչում էին Զեյթուն–Քայասը, այսինքն՝ Զեյթունի ժայռ։

— Իրավ, ժամանակը թանկ է մեզ,— խոսեց Սարհատը.— մտածենք գործի վրա։ Հարտոշիները ձեզ հայտնի են իրանց քաջությամբ, նրանց հետ երեխայի խաղ ունենալ անմտություն է։ Մեզ կնպաստե միայն տեղը և դիրքը, և այս պատճառով ես ընտրեցի այս կիրճը։ Ձեզանից ամեն մեկը թաքնված կլինի քարաժայռերի ետևում, և այնքան կսպասե, մինչև ամբողջ քարավանը կլցվի կիրճի մեջ. այն ժամանակ դուք պետք է բաժանվեք երկու մասն,

  1. Դալի– բաբա նշանակում է գիժ հայր, այդ անունը խիստ հատկանիշ էր նրա տարապայման բնավորությանը, որ փոխել էր քրիստոնեական ներողամտությունը հին կտակարանի վրեժխնդրության հետ։
  2. Քիթաբ-Դալիսի նշանակում է գրքից խելագարված։