Էջ:Ջալալեդդին42.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոչ–մահմեդականներին մորթելով, իսկ երկրորդին բավականություն է տալիս նրանց կայքը և հարստությունը հափշտակելով։ Եվ այս պատճառով Ջալալեդդինի զորքը խիստ դանդաղ էր ընթանում․ նա մի կողմից պետք է հնձեր, բայց իր հունձքր իր հետ տանել չէր կարող,— մյուս կողմից, հարկավոր էր հունձքը տանել, հասցնել իրանց բնակության տեղերը և նորից վերադառնալ ու միանալ բանակի հետ և շարունակել ընթացքը դեպի Բայազեդ։ Այս էր նրա զորախումբի անդադար բաժանման և կրկին միավորության պատճառը։ Ջալալեդդինը իր ճանապարհը մաքրելով էր առաջ ընթանում դեպի Բայազեդ։

Բայց չէր կարելի միանգամայն ուրանալ քրդերի մեջ ազնիվ մարդիկ․ նրանց մեջ կային և այնպիսիներն, որոնք զուրկ չէին բարի զգացմունքներից, որոնք չէին մասնակցում վատ գործի։ Այս տեսակ մարդերից մեկն էր Օմար աղան, իր հոտերով և երամակներով հարուստ քուրդը, որը մի փոքրիկ ցեղի գլխավորն էր։ Նա չմասնակցեց Ջալալեդդինի արշավանքին։ Եվ լսելով անգութ ծերունիի դիտավորությունը, նա հառաջագույն եկավ Բարդուղիմեոս առաքյալի վանքը և հայտնեց վանահայր Եղիազար վարդապետին, թե մի քանի օրից հետո ի՜նչ դառն վիճակ էր սպասում Աղբակա հայերին։ Նա խորհուրդ տվեց վանահորը օգուտ քաղել վանքի անմատչելի ամրություններից, և այդ նվիրական բերդը ընտրել որպես մի պաշտպանողական դիրք, և այնտեղ հավաքելով շրջակա հայոց գյուղորայքի հարստությունները,— այնտեղից ընդդիմանալ թշնամուն։ Օմար-աղան խոստացավ ինքն էլ միանալ վանահոր հետ և իր խոստմունքը կատարեց գործով, որովհետև նա էլ երկյուղ ուներ Ջալալեդդինից, և նրա արշավանքին չմասնակցելու համար վախենում էր ենթարկվել շեյխի վրեժխնդրությանը։ Եվ այս պատճառով իր տան հարստությունը նա հավաքեց վանքի մեջ, և իր մարդիկներով պատրաստ էր հարկավորած ժամանակ, միանալով հայերի հետ, ընդդիմանալ թշնամուն։

Եղիազար հայր սուրբը ընդունեց իր վաղեմի բարեկամի՝ Օմար-աղայի խորհուրդը, որի հավատարմության վրա կատարյալ վստահություն ուներ, և Բարդուղիմեոս առաքյալի վանքի շրջակա հայոց գյուղորայքի թե բնակիչներին և թե նրանց կայքը ու անասունները հավաքել տվեց վանքի մեջ։

Բարդուղիմեոս առաքյալի վանքը այն հնադարյան վանքերից մեկն էր, որ իր գոյությունը պահպանում էր Լուսավորչի ժամանակներից։