Էջ:Ջալալեդդին44.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամենքը մեծ տագնապի մեջ ընկան։ Ամեն կողմից ոչխարներ, կովեր և երկրագործական անասուններ սկսեցին քշել դեպի գյուղը։ Տագնապը ավելի մեծացավ, երբ մի հովիվ լուր բերեց վանահորը, թե Ջալալեդդինը բազմաթիվ քրդերով իջևանել է վանքի մարգերի վրա։

Վանահայր Եղիազար վարդապետը մի վիթխարի մարդ էր։ Թեև ծերացած, թեև նրա ականջները ծանր էին լսում, բայց անդադար գործ ունենալով քրդերի հետ, որպես ասում են, նա «կես քուրդ» էր դարձել, այսինքն աներկյուղ այրական սիրտ էր ստացել։ Երբ լսեց հովիվի բերած լուրը, նա ամենևին չզգաց այն հուսահատական երկյուղը, որ տիրում է թուլասիրտ մարդերին վտանգի րոպեներում։ Վանահայրը նույն միջոցում նստած էր իր փոքրիկ խուցի մեջ և նրա մոտ գտանվում էր մի քուրդ իշխան բավական համակրական դեմքով։ Վերջինը Օմար-աղան էր։ Երկուսն էլ դուրս գնացին, երբ լսեցին հովիվի խոսքերը։ Նրանք դիմեցին դեպի վանքի արևելյան պարսպի կողմը, որտեղից երևում էր շեյխի բանակը։ Թե՛ վանահայրը և թե՛ քուրդ ազնվականը դիտակները ուղղելով դեպի բանակը, մի քանի րոպե շարունակ նայում էին։

— Նա է,— ասաց Օմար-աղան վրդովված ձայնով,— ծերունի ավազակը բավական բազմություն է հավաքել իր շուրջը։

— Ի՞նչ պետք է արած,— հարցրուց վանահայրը ոչ սակավ խռովությամբ։

— Ուրիշ հնար չկա,— պատասխանեց քուրդը, այժմ ավելի սառն կերպով,— դուք պատվիրեցեք ժողովրդին հավաքվել վանքի պարիսպների մեջ, դռները փակել տվեք, վանքը բավական ամուր է պաշտպանվելու համար։

— Ես էլ այսպես եմ մտածում,— պատասխանեց վարդապետը.— ես վանքի պահարաններում բավական հրացաններ և վառոդ ունեմ թաքցրած, զգուշության համար վաղուց պահում էի ինձ մոտ․ հիմա հանել կտամ, պետք է բաժանել, որոնք նետելու շնորք ունեն, ես ճանաչում եմ շատերին մերիններից, որ այդ գործին ընդունակ են։

— Իմ մարդիկներն էլ շուտով կգան,— ասաց քուրդը.— ժամանակ կորցնել պետք չէ, ինչ որ անելու եք, մի՛ ուշացնեք։

Վանահայրը հեռացավ հարկավորած պատրաստությունները