Էջ:Ջալալեդդին45.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարգադրելու։ Բայց Օմար-աղան դեռ կանգնած էր առաջվա տեղում և դիտակը ձեռին նայում էր։ Քրդերի մեջ շատ աղանդներ կան․ այդ մարդը պատկանում էր մի աղանդի, որ հակառակ էր շեյխի դավանությանը։ Աղանդների տարբերությունը նույն ազդեցությունն ունի քրդերի վրա և նույն խտրություններն է ձգում նրանց մեջ, որպես ցեղական տարբերությունները, մանավանդ երբ հարաբերությունները կտրված են լինում թշնամական հանգամանքներով։ Օմար-աղայի ցեղը այսպիսի պատճառներով բաժանված էր այն ցեղերից, որ հավաքվել էին շեյխի շուրջը։

Բայց վանահոր դիտավորությոլնր սաստիկ արգելքների հանդիպեցավ ժողովրդի կողմից, ոչ ոք չցանկացավ համաձայնվել նրա հետ։— «Մեզ ամենիս կկոտորեն,— ասում էին նրանք,— ո՞ւմ վրա ենք ձեռք բարձրացնում, քրդի մի մազին դիպչել անկարելի է. մեզ կենդանի կայրեն, մեր որդիքը, մեր կանայքը կկոտորեն։ Մենք նրանց չենք ընդդիմանա, թո՛ղ գան, ինչ որ ուզում են, թո՛ղ տանեն, միայն մեզ և մեր որդիներին խնայեն․․․»։

— Կգան, ձեր բոլոր ունեցածը կտանեն և ձեզ ու ձեր որդիներին չեն խնայի…— ասում էր վարդապետը արտասուքը աչքերում։— Ինձ ականջ դրե՛ք. մեր սուրբ վանքը կպահպանե մեզ. մեր հույսը թող նրա վրա դնենք…։ Մեր մեջ շատ տղամարդեր կան… Օմար-աղան էլ մեզ հետ կլինի…։

Բայց ոչ ոք չէր ուզում լսե նրան։

— «Անկարելի բան է,— գոռում էր ամբոխը,— եթե դու ուզում ես մեզ փրկել, վեր առ քեզ հետ տերտերներին և տանուտերներին, գնա շեյխի մոտ, նրա ոտները համբուրի՛ր, աղաչիր, պաղատիր, ասա՛, ինչ որ ուզում է, կտանք, միայն թե մեզ կենդանի թողնե…»։

Քաջասիրտ վարդապետը շատ խոսեց, երկար հորդորում էր և խրախուսում էր, բայց թուլասիրտ և ստրկացած ամբոխը չընդունեց նրա խորհուրդը։ Վերջը նա ստիպված եղավ առնել իր հետ մի քանի ծերունիներ և քահանաներ ու դիմել շեյխի մոտ։

Այն ժամանակ Օմար-աղան մոտեցավ նրան, և ասաց այս խոսքերը.

— Ես գիտեի, որ այսպես կլիներ… բայց դու զուր ես գնում, քեզ կբռնեն, կպահեն և գուցե կսպանեն․․․։

— Պիտի գնամ, ճար չունեմ, թող սպանեն․․․— ասաց վշտացած վարդապետը։— Ժողովուրդը ինձ հանգիստ չէ թողնում․․․