Էջ:Ջալալեդդին47.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահա՛ այս սարսափելի անցքը անցել էր, որ Սարհատի խումբը, Սախկալ-Թութանի քաջագործությունից հետո, մի գիշեր դիմեց դեպի Բարդուղիմեոս առաքյալի վանքը։

Ի՞նչ էր որոնում թշվառ երիտասարդը այն կիսով չափ կործանված և դատարկված վանքի մեջ…։


Թ

Մութ գիշեր էր։ Ամպամած երկնքի վրա ոչ մի աստղ չէր երևում․ երկինքը ու գետինը, կարծես, միացած էին թանձր-սևաթուր զանգվածով։ Ամեն ինչ լուռ էր, միայն գիշերային սառն քամին գուշակում էր մրրիկ և անձրև։ Հեռավոր լեռների վրա կայծակը երբեմն փայլատակում էր, և որոտման խուլ ձայնը մանր դղրդյուններով տարածվում էր խավարի մեջ թաքնված սարերում։

Գիշերային այս սոսկալի պահուն մի քանի ստվերներ, թափառաշրջիկ ուրվականների նման, խավարի մեջ շարժվում էին. նրանք միացան, մի փոքրիկ խումբ կազմեցին, կարծես, մի բանի վրա խորհելու համար, հետո կրկին բաժանվեցան և առանձին-առանձին սկսեցին դիմել դեպի Բարդուղիմեոս առաքյալի վանքի գյուղը, որ համարյա թե վանքի մոտումն էր։

Գյուղը նույն ժամուն խավար և լուռ էր, և մի ընդարձակ գերեզմանատան նման, ամեն շարժում, ամեն կենդանություն հանգչել էր այնտեղ։ Բայց մի տեղից միայն երևում էին լույսի նշույլներ․ դա վանքի հսկայական շինվածքն էր, որ կանգնած էր բարձր բլուրի գլխին, որի շուրջը բացվում էր մի խորին անդունդ, որ կորած էր մթության մեջ. միայն այնտեղից հոսող գետը իր զայրացած գոռում-գոչումներով վրդովում էր տիրող լռությունը։

Եթե մի մարդ նույն ժամում մտնելու լիներ հիշյալ շինության մեջ, որտեղից լույս էր նշմարվում, նրա աչքերի առջև ներկայանալու էր մի այսպիսի տխուր տեսարան,— գեղեցիկ տաճարը բոլորովին մերկացել էր իր փառահեղ զարդարանքից, նրա հոյակապ կամարների ներքո տիրում էր դատարկություն միայն. ո՛չ խաչեր, ո՛չ գրքեր, ո՛չ պատկերներ, ո՛չ ջահեր, ոչինչ չէր երևում․ սուրբ սեղանը ներկայացնում էր սպանդանոցի նման մի բան, որ շաղախված էր արյունով…։