Էջ:Ջալալեդդին49.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այս գյավուրները մինչև շամփուրների համը չտեսնեն, ուղիղը չեն ասելու։ Բերեցե՛ք։

Քրդերից մի քանիսը մոտեցան կապվածներին և սկսեցին մերկացնել նրանց, իսկ մի քանիսն էլ կրակից դուրս բերեցին կարմրած շամփուրները։

— Սկսեցե՛ք,— հրամայեց առաջին խոսողը.— միայն խաչի ձևով, դրանք շատ են սիրում խաչը։

Դահիճները սկսեցին կարմրած շամփուրներով խաչաձև դաղել կապվածների մերկ կուրծքը և նրանց մարմնի ուրիշ մասերը։ Կրակի նման շիկացած երկաթը այրում էր և ջղջղալով խրվում էր կենդանի մսի մեջ… և մուխը ճենճային խանձահոտությամբ վեր էր բարձրանում։ Մի փոքր սառած երկաթները կրկին կրակի մեջն էին դնում և վեր էին առնում նորերը։ Դժոխային գործողությունը շարունակվում էր։ Թշվառները հառաչում էին, մրմնջում էին, և ցավալի ձայներ էին հանում․․․։

— Մի՛ անգամով մորթեցե՛ք, սպանեցե՛ք, ի սեր աստուծո. թո՛ղ շուտ մեռնենք,— գոռում էին նրանք։

Այսպես անդադար մրմնջում էին ողորմելիները, բայց գործողությունը դեռ շարունակվում էր, մինչև այլևս հասկանալի չէին լինում նրանց խոսքերը, միայն լսելի էին լինում խուլ հառաչանքներ…։

— Բավական է,— հրամայեց խմբի գլխավորը և դարձավ դեպի կապվածներից մեկը, որին դեռ ձեռք չէին տվել։

Այս թշվառականը քահանա էր։

— Քեզ պահեցինք վերջումը, որ քո տանջանքը ավելի փառավոր լինի,— ասաց քուրդը հեգնական եղանակով։

— Տեսնում ես կրակի մեջ այն կարմրած պղնձե թասը․— նա թագի շատ նմանություն ունի․ նրանով պիտի պսակեմ քո գլուխը, որովհետև քահանա ես։

Քահանան, շարժված կրոնական զգացմունքով, պատասխանեց.

— Իմ տերը փշյա պսակ կրեց, իսկ նրա ծառան սիրով կընդունի պղնձե թասը․․․։ Բայց միտքդ բեր, աղա, որ վերևումը աստված կա, որն այս բոլորը տեսնում է, որ մեր ամենիս տերն է․ նա անպատիժ չի թողնի այն մարդուն, որը թափում է անմեղ արյուն։ Ինչո՞ւ ես իզուր տանջել տալիս մեզ։ Իմ ընկերները սուտ չասացին, վանքումը ուրիշ ոչինչ չէ մնացել, ինչ որ կար, բոլորը