Էջ:Ջալալեդդին56.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երեկոյան վերջալույսը դեռ ճառագայթում էր սարերի գագաթների վրա։

Մի տղամարդ միայնակ և դանդաղ քայլերով գնում էր լեռնային անձուկ ճանապարհով և խուլ մելամաղձական ձայնով երգում էր մի տխուր մեղեդի։ Նա գնում էր անվճռական ընթացքով, կարծես, ակամա ընտրել էր այն ուղին և բոլորովին վստահ չէր, թե սա կհասներ այն նպատակին, որին դիմում էր ամենայն անձնվիրությամբ։ Հանկարծ նրա ետևից լսելի եղավ մի ձայն․

— Ո՞վ ես․ ետ քաշվի՛ր։

Ճանապարհորդը դադարեց երգելուց, հրացանը ուսից վեր բերեց, և ետ նայելով, տեսավ, որ գալիս էր մի ձիավոր։ Նա պատասխանեց․

— Անցի՛ր։

Ձիավորը մոտեցավ, ողջունեց և ապա հարցրեց.

— Բարի լինի․ ո՞ւր այդպես։

— Բարի է, փառք աստուծո,— պատասխանեց ճանապարհորդը։— Ես Ջաֆար-բեկի հովիվն եմ, մեր չադրները շատ հեռու չեն այստեղից․ մեր մատակներից մեկը այս երեկո կորավ, պտռում եմ։

Հետո նա հարցրեց ձիավորին․

— Դու ո՞ւր այդպես, աստված հաջողի, գնում ես։

— Շեյխի բանակը, նամակ եմ տանում։

— Ումի՞ց,

— Սուլեյման-փաշայից։ Բաները վատ են գնում Ղարսի մոտ։ Փաշան կանչեց ու ասաց․— ո՞վ կլինի, որ այս նամակր երկու օրում հասցնի շեյխին, կստանա մի լավ փեշքաշ ու խալաթ։ Ես մոտեցա, գլուխ տվեցի ու ասեցի․ ձեր ոտքի հողը լինե՜մ․ ես կհասցնեմ, իմ արաբացի նժույգը ծտի նման է թռչում։ Նա ձեռքը քսեց մեջքիս, էֆերի՜մ,— ասաց և տվեց նամակը։

— Հիմա ո՞րտեղ է շեյխը։

— Ես հարցրի, ինձ ասացին, այստեղ մոտիկ Ղանլի֊Դարայում (արյունա ձոր) է իջևանել,— պատասխանեց ձիավորը։ — Ի՞նչպես է, որ դու չես իմանում։

— Սարի հովիվը ո՞րտեղից կարա իմանալ այս բաները․ տեսնում ես, ամեն օր գալիս են, գնում են, մարդ չի իմանում ի՛նչ խաբար է։